Սահակաշվիլին ուղղորդո՞ւմ է ցույցերը (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում»-ը փորձում է կենցաղային հարցը քաղաքական դարձնել: «Սաակաշվիլիի կուսակցությունը փորձում է ցույց տալ, որ ինքն է այս շարժման լիդերը: Չեմ կարծում, որ գործող կառավարությունն այս պահին հրաժարական կտա, որովհետեւ մարդկանց դուր չի գալիս, որ բողոքը չափազանց քաղաքականացվում է: Բացի դրանից, բողոքի ալիքն արդեն նվազում է»,- ասում է քաղաքական մեկնաբան Գիա Աբաշիձեն: Բողոքի առիթ դարձել էր կենցաղային մի դեպք։ Անցած դեկտեմբերին երկու անչափահասների սպանության գործը քննող մարմիններն այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել հանցանքը կատարողներից մեկին, այն դեպքում, երբ սպանությունը տեղի է ունեցել շուրջ հարյուր հոգու ներկայությամբ: Ցուցարարները պնդում են , որ իրավապահները կոծկել են գործը: Ահագնացող ցույցերը ստիպել են հրաժարական տալ երկրի գլխավոր դատախազին: Նրանք պահանջում են նաեւ ողջ կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը: Մասնավոր այս դեպքի համար կառավարությունն անգամ խորհրդարանական փաստահավաք խումբ է ստեղծել, վարչապետ Կվրիկաշվիլիի անձնական վերահկսողության ներքո գործը կրկին քննելու համար հրավիրվել են շվեյցարացի, ամերիկացի եւ բրիտանացի իրավաբաններ: Բայց անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա, դա էլ , ըստ քաղաքագետի, չի նշանակի, որ հաղթել է ընդդիմությունը: Խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունեցող Վրացական երազանքը նոր վարչապետ ու կառավարություն կընտրի իր կազմից: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար օրենսդրական պառիթ է պետք: «Խորհրդարանը ցրելու երկու հիմք է մնում՝ բյուջեի ձախողումը եւ կառավարությանն անվստահության հայտնելը: երկուսն էլ այս պահին արդիական չեն»,- նշում է Գիա Աբաշիձեն: Ամեն դեպքում, ըստ փորձագետի, այս հանրահավաքները լավ ազդակ են իշխանությանը՝ սթափվելու եւ ավելի լուրջ վերաբերելու երկրի խնդիրներին: Ի դեպ. սա երկու շաբաթվա ընթացքում՝ բողոքի երրորդ առիթն է Վրաստանում: Նախ, մայիսի կեսերին վրաստանցիները պայքար սկսեցին հանուն թմրանյութի օգտագործման կանոնների ազատականացման, ապա՝ ընդդեմ հոմոֆոբիայի եւ խտրականության: Այս երկու ցույցերն էլ, վրացական հասարակության ավանդապահ բնույթից ելնելով, լայն աջակցություն չստացան: