Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպական տիպի՞, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իր Կառավարության ծրագիրը, հայտարարեց նաեւ. «Այն հայտարարությունները, թե երկրում երկիշխանություն, եռիշխանություն, քառիշխանություն է, ապա պետք է ասեմ` երկրում ժողովրդական իշխանություն է` ի դեմս իր վարչապետի ու Կառավարության։ Կոչ եմ անում էքսպերիմենտներով ստուգելու գայթակղությանը չտրվել, խորհուրդ եմ տալիս լրջանալ, այլապես ժողովրդական իշխանությունը կստիպի լրջանալ։ Հաճախ են հարցնում` արդյո՞ք կհաջողվի այս Կառավարությունը։ Ինձ համար նման խնդիր չկա, քանի որ կա հավատը սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, ծառայության նվիրական զգացումը առաջ է մղելու անկասալիորեն։ Մենք ունենալու ենք հաջողություն, քանի որ մենք ունենք ժողովրդի վստահությունը իշխանության նկատմամբ, քանի որ դատարկ ձեռքերով կարողացանք տապալել կեղծիքի, բռնության լկի ամրոցներ։ Մենք գտնվում ենք  անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհին ու անշեղորեն շարժվելու ենք առաջ։ Եվ, ուրեմն, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ՀՀ-ում»։ Նիկոլ Փաշինյանի ելույթը տեւեց մեկ ժամ 15 րոպե։ Նրան հարցեր ուղղելու համար հերթագրվեց 11 պատգամավոր` հիմնականում ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններից։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, նշեց. «Վարչապետից հստակ պատասխան կուզենայի լսել` մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական մակարդակով եվրոպական տիպի՞, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք։ Չեք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է` հիմք ընդունելով ԿԳԲ-ն, ինչու եմ այդպես ասում, քանի որ այն չի վերափոխվել, ու պետք է այն փլուզվի եւ, իրոք, ազգային մարմին պետք է ստեղծվի։ Ձեր ասած` երջանիկ երկիր ունենալու պահով վերապահում ունեմ, իսկ ազատը կարելի է ասել, որ ձեռքբերում է արդեն»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քանի դեռ մենք Հանրապետության հրապարակում էինք` միջազգային մի լրագրող հարցրեց, թե արդյո՞ք մենք անում եք այն, ինչ եղավ Ուկրաինայում, ի պատասխան ասացի, որ սա մի գործընթաց է, որ բացառապես ունի հայաստանյան ծագումնաբանություն։ Նաեւ ասացի, որ մենք արտաքին որեւէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որեւէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը։ Ես չեմ հասկանում այն մոտեցումը, որ դրսում մենք անընդհատ ուղենիշներ ենք փնտրում։ Արժեքային ընտրությունը ՀՀ-ն վաղուց կատարել է. ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված` ՀՀ-ն ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Սա եմ ես համարում ամենամեծ արժեքային համակարգը։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն ՀՀ ԱԱԾ է, ես չեմ ասում, որ այն կատարյալ է, ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, եւ ես դա կարող եմ երաշխավորել ու հետագայում էլ կերաշխավորեմ»: