Հայտնի են Խաչատրյանի մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները
Երեկ երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները։ Նրանք են՝ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսենը (Դանիա)։ Եզրափակիչ փուլում նշված թավջութակահարները հունիսի 12-ին եւ 13-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Եզրափակիչ փուլում մրցույթի մասնակիցները ընտրությամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ