Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը հաղթել է միջազգային մրցույթում
Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը: Արվեստաբանները, արվեստի պատմաբաններն ու համադրողները մրցույցին ներկայացրել էին 45 առաջարկ: Եզրափակիչ փուլ անցած 5 արվեստագետներից լավագույնը եղել է քանդակագործ Միքայել Օհանջանյանի՝ «Շեմը ակունք է» խորագրով նախագիծը: Այս տեղեկությունը նախօրեին հրապարակել է «Արվեստ՝ աշխարհի համար» (Art for The World) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ նշելով.«Միքայել Օհանջանյանի ինքնատիպ ստեղծագործությունը՝ «Շեմը ակունք է» հայերեն անվանմամբ, կտեղադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի նախասրահում 6 ամիս շարունակ՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերից»: Մրցույթի պահանջն է եղել՝ նախագծել աշխատանք, որը մեկնաբանում է հույսի էությունը` Ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող փառահեղ ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Փետրվարին կազմակերպված մրցույթի գլխավոր պայմանն էր՝ աշխատանքը ներկայացնել ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ: Միքայել Օհանջանյանի նախագիծը ներկայացնում է հույսի ինքնատիպ մեկնաբանություն. «Հույսը ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ, ես կասեի՝ հենց ինքը՝ կյանքը, հույս է...»,– մեկնաբանում է արվեստագետը: