Մենք չենք ուզում փոշի շնչել. ակցիա՝ Կապանում (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում կառուցվելիք ցեմենտի աղացման արտադրամասի շուրջ տարաձայնությունները չեն հանդարտվում։ Մի խումբ քաղաքացիներ այսօր փակել էին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը՝ տապալելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող հանրային քննարկումը։ «Բնապահպանական գերծանրաբեռնված մարզում սա ևս մեկ հետքայլ է, և մենք չենք ուզում փոշի շնչել»,- ասում են ակտիվիստները։ Ցեմենտի աղացման արտադրամասը նախատեսվում է Կապանի օդանավակայանի հարևանությամբ կառուցել։ Տարեկան մինչև 186 հազար տոննա արտադրողականությամբ և 64 աշխատատեղով ։ Սակայն արտանետման աղբյուրներում տեղադրվելիք փոշեմաքրման սարքավորումները, որոնց ՕԳԳ-ն կազմելու է 95 տոկոս՝ քաղաքացիներին չեն հուսադրում։ Ընկերության իրավաբան Ալիկ Ալեքսանյանի խոսքով, քննարկման եկել էին առաջարկներ ու դժգոհություններ լսելու համար, բայց դեռևս ոչ մի հիմնավոր դիտողություն չեն ստացել։ Ընկերությունը ամիսներ առաջ շինթույլտվության բացակայության պատճառով 600,000 դրամի տուգանք է վճարել համայնքապետարանին, սակայն ակտիվիստները վստահ են, որ նման գումարը արգելակ չէ, և, որ արտադրամասի տարածքում շարունակվում են ապօրինի աշխատանքները։ «Եթե այդպես չէ, թույլ տվեք այցելենք կամ նկարահանող խումբ մտնի»,- առաջարկեցին արտադրամասի ներկայացուցիչներին։ Առաջարկը մերժվեց։ Քննարկումը համարվեց տապալված։