Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երեխեքին չենք կարող ասել խրամատի մեջ դուխով եղեք, հեսա իսրայելական ռակետը գալիս է»

Քաղաքականություն
forum

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը Հայաստանում անցկացվում է 11-րդ անգամ: Սա միակ հարթակն է, որտեղ ՏՏ ոլորտի ընկերությունները կարողանում են շփվել բիզնեսի հետ, կիսվել իրենց հաջողություններով  եւ գտնել ոլորտին առնչվող լուծումները, ասում է  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: «Ֆորումը կանցկացվի ամսի 29 եւ 30-ին: Հիմնական ուղղություններն են ՝ ՏՏ անվտանգություն, պետության հետ համագործակցություն, ռազմարդյունաբերություն»: Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ Վարչապետին առաջարկել են ստեղծել կոմիտե, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով: Այն վերաբերելու է  ռազմարդյունաբերությանը, ՏՏ ոլորտի ընկերություններին, ենթակառուցվածքներին եւ կրթությանը: «Պետության քաղաքականությունը ՏՏ ոլորտում նույն է, 2 ամիս է անցել, դժվար էր մեծ փոփոխություններ ակնկալելը: Բոլոր կառավարություններն ասում են, որ ոլորտին առաջնահերթություն են տալու, տեսնենք այս քաղաքական եռուզեռից հետո ինչ կլինի՝ արդեն  3-րդ, 4-րդ ամսում»:  Ռազմարդյունաբերություն պետք է բանակից դուրս բերվի, նշում է Կարեն Վարդանյանը, եւ ավելացնում: «Դուխը լավ բան է, բայց զինատեսակներ առումով պետք է ուժեղ լինել: Այս հանրային մտայնությունը պետք է հանել: Զինատեսակները հիմա փոխվում են եւ մենք պետք է ոչ միայն հետեւից հասնենք, այլեւ առաջ գնանք: Բարձր տեխնոլոգիական կռվի մեջ դուխն իհարկե կապ ունի, բայց եթե դու հավասար զինված ես: Մենք  մեր երեխեքին չենք կարող ասել խրամատի մեջ դուխով եղեք, հեսա իսրայելական ռակետը գալիս է»: Կառավարության ծրագրի մեջ  հենասյուն է ՏՏ ոլորտը, ասում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: « ՏՏ ոլորտը բավականին երիտասարդ ճյուղ է, մեզ մոտ ընկերությունների մեծ մասը ստեղծվել են 3 տարի առաջ: Կառավարությունն ամեն ինչ անելու է ոլորտին զարկ տալու համար», ասաց նա: