ԲԴԽ-ն ընտրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ: Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրեց հատկապես երկու հիմնախնդիր: Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը: Շեշտվեց նաև, որ 12-ր դդարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այսօրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձան նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
- Մարաբյան Սերգեյ - 1
- Ռշտունի Վազգեն - 8
- Սահակյան Տիգրան -1