Մի խումբ վանաձորցիներ վարչապետից պահանջում են Սամվել Դիլոյանի գործի վերանայումն ու ազատ արձակումը (տեսանյութ)
Վանաձորի արցախ պուրակը բազմամարդ էր: Ի պաշտպանություն անարդարացիորեն անազատության մեջ գտնվող Սամվել Դիլոյանի հավաքի մասնակիցները նշում են, որ վերևներին իրենց ձայնը հասցնելու փորձեր՝ նախկինում էլ են ունեցել: 2013-ին՝ նաև կառավարության շենքի մոտ: Ոչ ոք իրենց ձայնը չի լսել, իսկ Վանաձորում՝ մարզային դատախազության շենքի մոտ վերջին ակցիայի ժամանակ իրենց ընդամենը հերթապահ դատախազն էր դիմավորել: Ներկա իշխանություններից մեծ ակնկալիքներ ունեն: «Սամվել Դիլոյանի գործը պետք է անհապաղ վերանայվի և նա ազատ արձակվի»: «Արցախ» պուրակում հավաքված Դիլոյանի մտերիմները, ընկերները, հարազատները հույսեր են կապում արդարադատության նոր համակարգի հետ և կարծիք հայտնում, որ նախկին ռեժիմի սարքոցիները նոր Հայաստանում այլևս տեղ չպիտի ունենան: Շուրջ 6 տարի է՝ Սամվել Դիլոյանն անազատության մեջ է,-խոսելով հանրային հնչեղություն ստացած գործից,- ասում է Դիլոյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը, ով ևս Արցախ պուրակում էր: Գործի վերանայման հույսեր նաև փաստաբանն ունի: «Արցախ» պուրակից Դիլոյանին սատարողնեըը երթով շարժվեցին ՔՊ կուսակցության գրասենյակ՝ իրենց խնդրանքը փոխանցելու կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանին: Արամ Խաչատրյանին հավաքվածներն ասել են, որ պիտի վերանայվեն բոլոր անարդար վճիռներով գործերն ու նախկին ռեժիմի զոհերը հայտնվեն ազատության մեջ: Հիշեցնենք՝ 2012-ի նոյեմբերի 18-ին՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով մի քանի տարի մեղադրանքը պնդելուց հետո դատախազությունը հրաժարվել էր իր իսկ առաջադրած՝ երեք մեղադրյալների վերաբերյալ խուլիգանության, նրանցից մեկի վերաբերյալ՝ նաև սպանության մեղադրանքից: Փաստաբանի սպանության համար 3 մեղադրվողներից Արեն Վերանյանն ապացույցների բացակայության հիմքով 2015-ին արդարացվել ու ազատ էր արձակվել հենց դատարանի դահլիճից: Ապավինելով հեղափոխված արդարադատությանը՝ ապացույցների բացակայության հիմքով, վանաձորցիներն այժմ էլ պահանջում են ազատել 12 տարվա ազատազրկված Սամվել Դիլոյանին: lori tv