A
A
Շնորհանդես Դամասկոսի Ասադի անվան գրադարանում
Դեսպան Փոլադյանի գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին
Հուլիսի 4-ին Դամասկոսի Ասադի անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն մենագրության շնորհանդեսը։ Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի հովանավորությամբ, ներկա էին Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Թաուֆի ալ-Իմամը, ՍԱՀ խորհրդարանի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, լրագրողներ, Սիրիայի գիտամշակությաին ոլորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպան Փոլադյանի մենագրությունը ներկայացնելու համար ելույթ ունեցան ՍԱՀ պառլամենտի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը և սիրիացի անվանի մտավորական և հրապարակախոս, ՍԱՀ պառլամենտի անդամ, «Դար ալ-Շարկ» հրատարակչության դոկտոր Նաբիլ Տոոմեն Բանախոսները նշեցին, որ դեսպան Ա.Փոլադյանի գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է՝ որպես հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն և բախտորոշ ժամանակաշրջանի՝ Հայոց պետականության վերականգնման վերաբեյալ արաբերեն լեզվով մենագրություն։ Վերջիններս նաև բարձր գնահատեցին ՀՀ դեսպանի գիտական գործունեությունը և ակտիվ ներդրումն արաբական աշխարհում, հատկապես Սիրիայում հայագիտական ուսումնասիրությունների ասպարեզում: Իր խոսքում դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ մենագրությունը գիտաճանաչողական աշխատություն է, որն առաջին անգամ արաբերեն լեզվով համապարփակ գիտելիք է տալիս հայ ժողովրդի նորագույն պատմության առավել կարևոր շրջանի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի և անկախության հռչակման մասին: Գրքում տեղ են գտել այդ շրջանում Հայաստանի ղեկավար պաշտոններ զբաղեցնող այրերի հուշեր, նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հայոց անկախության առաջին փորձառության դժվարությունների վրա։ Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը լայն արձագանք է ստացել Սիրիայի գիտական և մշակութային շրջանակներում և լայնորեն լուսաբանվել է սիրիական ԶԼՄ-ներում: