Ձեռագործ իրերից մինչև արոմաթերապիայի տատիկներ
Վաճառասեղաններին չգտնելով գրպանին ու գլխին հարմար գլխարկ՝ գրականագետ Մարիամ Ալեքսանյանը 2 տարի առաջ որոշեց ստեղծել իր փնտրածը։ Պարզվեց՝ նրա գործած գլխարկների կարիքը շատերն ունեին, և հայտնվեցին արդեն առաջին պատվիրատուները։ Ստեղծվեց «Հասկ» ֆեյսբուքյան էջը, որի միջոցով էլ իրականացնում է պատվերները:
«Ժամանակին սեզոնային էր՝ միայն գլխարկներ ու շարֆեր էի անում: Հետո որոշեցի մի քիչ ավելի շատ բան անել, ու այն գումարը, որը ստանում եմ գլխարկներից, հենց ներդնել հասկի մեջ ու ինչ-որ նոր բաներ փորձել անել»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը:
Բնապահպանության նախարարության՝ պլաստիկի և պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի հայտարարությունը ուրախացրել է Մարիամին, որը համարում է բնությունը մարդու պաշտպանության կարիքն ունի։ Նա էլ իր պայքարի տարբերակն ունի՝ կարում ու գործում է բազմակի օգտագործման տոպրակներ։
«Երբ ես տեսնում էի՝ ինչպես են մայրիկս ու տատիկս գնում խանութ ու այդ տոպրակներով գալիս, շատ էի բարկանում: Մտածում էի՝ այդքան կորուստ է գնում ռեսուրսների, իսկ տոպրակները չեն քայքայվում, ամենամեծ վնասն են բնությանը: Ես կարել չգիտեի, կարի մեքենան տանը կար, բայց երբեք դրա դիմաց չէի նստել և երբեք ոչ մի բան չէի կարել: Գնեցի ամենաէժան կտորը ու որոշեցի մի քանի տոպրակ կարել: Այդպես ստացվեցին առաջին տոպրակները»:
Առաջին տոպրակները նվիրում էր, քանի որ նպատակ ուներ, որքան հնարավոր է դրանք շատ տարածել, բայց հետո սկսեց վաճառել։
«Երբ սուպերմարկետներում որոշեցին, որ այդ չարիքը պետք է գումարով լինի, մտածեցի, որ կարելի է Հասկում դնել ու բավական էժան վաճառել, որովհետև ինձ համար կարևոր չէին այն ռեսուրսները, որ ես ծախսել էի դրա վրա: Իմ համար կարևոր էր, որ այդ սուպերմարկետները գումար չաշխատեն այդ տոպրակներով»:
Բնության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի նաև «Տոտիկ» ձեռագործ ակումբի հիմնադիր Սիլվա Չոբանյանը: Սիլվայի հավաքած ուրցը, երբ թեյերի համար դարձան անպիտան, կիրառման մեկ այլ գաղափար առաջացավ:
«Շատ անուշ հոտ էր գալիս տանը, որոշեցի ադեներ՝ տատիկներ պատրաստել կարպետից գոգնոցով, որի մեջ ուրց է, սա խմելու համար չէ, սա արոմաթերապիայի տատիկներ են: Պարզվում է՝ հոտն ունի նույն ազդեցությունը, ինչ թեյը»:
Աղջիկներին այժմ միավորում է մեկ նպատակ՝ Երեւանից դուրս ստեղծել ձեռագործության ակումբ, որտեղ հնարավոր կլինի տեղում պատրաստել և վաճառել ձեռագործ իրերը։
