«Սկի Չարլի Չապլինն իրավունք չունի քաղաքապետ լինելու»
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Այդ մասին որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստում։
Նրան երևանցիները միանշանակ չեն ընդունում։
«Սկի Չարլի Չապլինը, երևի, իրավունք չունի քաղաքապետ լինելու»,-նշում է քաղաքացիներից մեկը։
Մինչդեռ մեկ այլ երևանցի կողմ է Հայկ Մարությանի քաղաքապետ լինելուն։
«Մենք ուզում ենք քաղաքը տեսնել մաքուր, մարդկանց տեսնել ուրախ, ուզում ենք, որ միայն կենտրոնը չզարգանա։ Ես համոզված եմ, որ ինքը մենակ կենտրոնը չի զարգացնելու, նախ և առաջ ծայրամասերն են զարգանալու»։
Երևանցիներին հավատ չի ներշնչում հատկապես քաղաքապետի թեկնածուի դերասանական կարիերան։ Հայկ Մարությանը երեկվա վարչության նիստից հետո անդրադարձել էր այդ հարցին։
«2012 թվականից դերասանական աշխատանքն իմ կյանքում զբաղեցնում է ընդամենը 20 տոկոսը»,- նշել էր վերջինս։
Իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները նույնն են լինելու,-վստահեցնում է Հայկ Մարությանը։ Նա ներկայացնում է քաղաքապետի մասին իր պատկերացումները։
«Վստահաբար նա չպետք է լինի պաշտոնյա։ Նա պետք է լինի ձեզանից, մեզանից մեկը։ Եթե մենք հաղթենք այս ընտրություններին, ես լինելու եմ ձեզանից մեկը»։
Քաղաքապետի թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի անունները։
Թեև «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն արդեն հայտնի է, բայց հայտնի չէ, թե ինչ ձևաչափով «Ելք» դաշինքը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն առաջիկայում կհայտարարեն իրենց որոշման մասին։