Հուշարձանները «կհսկեն» նոր մեքենաներով, հետագայում՝ դռոններով
Հուշարձանների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վերազինում է մարզային ծառայությունները: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ՊՄՊ Լոռու և Սյունիքի մարզային ծառայությունների պատասխանատուներին են հանձնվել 2018 թ. արտադրության «Սուզուկի Իգնիս» և «Սուզուկի Սվիվթ» մակնիշի մեկական ավտոմեքենաներ: Վերոնշյալ մարզային ծառայությունները առավել շատ թվով հուշարձաններ ունեցողներից են: Վերոնշյալ մարզային ծառայությունների հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներն էլ նորոգումից հետո կբաշխվեն մյուս ստորաբաժանումներին: Եվս երկու ավտոմեքենա կտնօրինեն կազմակերպության գլխամասի` ֆինանսատնտեսական և մշակութային միջոցառումների կազմակերպման ու մարքեթինգի բաժինները: ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մաղթելով գործընկերներին արդյունավետ աշխատանք, համոզմունք է հայտնել, որ տեխնիկապես նոր ու կահավորված ավտոմեքենանները կհեշտացնեն հուշարձանների տարածքներ այցելությունները: Նրա խոսքով, քիչ չէ միմյանցից ու երբեմն նաև բնակավայրերից հեռու գտնվող հուշարձանների թիվը և պահապանները հաճախ ոտքով են գնում այդ վայրերը: Նշենք, որ ավտոմեքենաները ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին: Գնման գործընթացի թափանցիկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով` Ավտոմեքենաների գնում: ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինմանն ուղղված աշխատանքները սրանով չեն սահմանափակվի: Մարզային ծառայությունների աշխատանքի հին ոճը կփոխարինվի նորով: Հուշարձանների պահպանության բաժնի կողմից կմշակվի ու տնօրինության հաստատմանը կներկայացվի մարզային ծառայությունների աշխատակիցների` հուշարձանների տարածքներ այցելությունների նոր ձևաչափը: Պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների վիճակը շրջայցերի ժամանակ կֆիքսեն ոչ միայն ֆոտոխցիկները: Մարզային ծառայությունները կունենան նաև անօդաչու տեսանկարահանող սարքեր /դռոն/, որով հուշարձանները կֆիքսվեն վերևից: Այն կնպաստի նաև հնարավոր գանձագողության, գանձախուզության դեպքերի կանխմանը: Հեռակառավարվող տեսախցիկով ճիշտ աշխատելու համար մարզային ծառայության մեկական աշխատակից կվերապատրաստվի: