Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկվա Փաշինյանի ելույթին իր Ֆեյսբուքի էջում.
Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը ք
ողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ հայկական տարբերակով` «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության, և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.
• ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի /այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին/
• Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը
• Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների
• Այլակարծությունը աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունը արտահայտելու համար։
• Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է:
Թերևս` ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո՝ խոսի, խոսի, հետո՝ մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին, եթե չփոխվեն մոտեցումները նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։