Քոֆի Անանը իր ողջ կյանքում մնաց ժողովրդավարական արժեքների նվիրյալ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ: Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ: