Քաղաքական ուժերը ԿԸՀ են հանձնում փաստաթղթերը (տեսանյութ)
17.51 «Իմ քայլը» դաշինքը նույնպես ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Դաշինքի մաս կազմող Քաղաքացիական պայմանագրի խոսնակ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այլ ուժերի հետ մրցակցել չեն պատրաստվում. «Մենք երկխոսելու ենք մեր համաքաղաքացիների հետ»։
Դաշինքի ցուցակն ամենամեծն է՝ «Իմ քայլը» առաջադրել է ավագանու 170 թեկնածու։
17.29 «Երկիր Ծիրանի» կուսակցության փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց Սոնա Աղեկյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան նա նշեց, որ իրենց մրցակից չեն տեսնում. «Մեր նպատակը Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելն է»։ Սոնա Աղեկյանը տեղեկացրեց, որ շուտով ասուլիս կկազմակերպվի, որի ընթացքում քաղաքապետի իրենց թեկնածուն կպատասխանի բոլոր հսրցերին։
16.20 «Երևանի հանրություն» դաշինքի առաջին համար Անահիտ Թարխանյանն անձամբ է եկել ԿԸՀ, նրան ուղեկցում է ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը։ Լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենց շանսերը մեծ են, քանի որ Երևանը հանրության կարիք ունի։ Ըստ նրա քաղաքապետի թեկնածուներին համեմատել պետք չէ. «Ընտրություններին մասնակցում են ծրագրերով և թիմերով, այլ ոչ թե անձերով»։
15.40 «Լույս» քաղաքական դաշինքն է հանձնում փաստաթղթերը։
Դաշինքի եռյակում են Արտակ Զեյնալյանը (Երևանի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար), Դավիթ Խաժակյանը (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար), Անի Խաչատրյանը (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ)։
Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը Դավիթ Խաժակյանն է։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ընտրություններին մասնակցում են շատ հավակնոտ ցուցակով։ Նրա խոսքով դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը լավագույնս է համապատասխանում քաղաքապետի պաշտոնին։ Դավիթ Խաժակյանը իրենց հաղթելու շանսերը բարձր է համարում, սակայն այլ ուժերի շանսերի հետ համեմատականներ անցկացնել չի ցանկանում։
https://www.youtube.com/watch?v=f7PERjhfr_U
13.30 Այս պահին քաղաքական ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն է փաստաթղթերը ԿԸՀ բերել։ Արմեն Մարտիրոսյանը հանձնում է դրանք։
«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հարցին, թե ո՞ւմ են համարում հիմնական մրցակից, հայտը ԿԸՀ բերած կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Բոլորն էլ մրցակից են, բայց մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց ուղղակի բարեկամական մրցակից ենք համարում, օրինակ՝ Հայկ Մարությանին, այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, մենք բոլոր այդ ուժերին համարում ենք բարեկամ մրցակիցներ» Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Մեր շանսերը կարող են գնահատել միայն մեր քաղաքացիները»։
..............................
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն է, երբ կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ինչպես հայտնի է ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: