Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան. Հուսով եմ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin-nikol

Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը               ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:             ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:             «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:                    Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:           Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:           Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն         է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում`  150 դոլար 1000 խմ դիմաց,  ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:           Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում`  տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:           Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք  նախորդ տարվա ցուցանիշները:           Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը:             «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա:           Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը:  Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և հայաստանյան, և ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է:           Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ:           Վստահ եմ, որ  այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է:           Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և ընդհանրապես մյուս ոլորտներում:           Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է: Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան:           Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:   «Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- ՌԴ նախագահի հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով ՌԴ գործընկերոջ հետ զրույցն արդյունավետ է եղել և կարելի արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- գրել է վարչապետը: