Միջնորդ կազմակերպություններին բացասական եմ վերաբերվում. Մարտին Գալստյան
ԱԺ-ն այսօր քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Միակ թեկնածուն Մարտին Գալստյանն է: Նա առաջադրվել է «ՀՀԿ» խմբակցության կողմից, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացնելով Մարտին Գալստյանին` նշեց, որ թեկնածուն բավական լուրջ ճանապարհ է անցել: «Նա Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է եղել: Այդ դպրոցը դարձել է մեր պետության բրենդներից մեկը: Պարոն Գալստյանի թեկնածությանը մեր հանձնաժողովը միաձայն կողմ չքվեարկեց: Ես հորդորում եմ, նաև ձեզ` կողմ քվեարկվել նրա թեկնածությանը»,-նշեց Գագիկ Մինասյանը: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը երկու հարց ուղղեց բանախոսին: «Երբ մարդիկ վարկ են վերցնում, բացի այն տոկոսադրույքից, որը ԿԲ-ն սահմանել է վերին շեմ, տարբեր ծառայությունների համար նույնպես վերցվում է վարձավճար, որը էապես մեծացնում է տոկոսադրույքը: Եվ երկրորդ հարցը. շուկայում այսօր, բացի վարկային կազմակերպություններից, գրավատներից, գոյություն ունեն նաև, այսպես կոչված՝ միջնորդ կազմակերպություններ: Ես չեմ հասկանում, այդ միջնորդ կազմակերպությունների մասին ԿԲ-ն տեղյա՞կ է, դա լիցենզավորվո՞ւմ է, թե՞՝ ոչ, թե՞ դրանք ուղղակի շուկայում հայտնված ծովահեններ են, որոնք որսում են այն քաղաքացիներին ու այս կամ այն բանկը մերժում է վարկ տալ և այդ նույն վարկը միջնորդ կազմակերպությունը այդ նույն բանկից ձևակերպում է քաղաքացու համար և վերցնում 30 տոկոս միջնորդավճար: Դուք տեղյա՞կ եք դրա մասին»: Մարտին Գալստյանը նշեց, որ վարկերի եւ ավանդների տոկոսադրույքները էապես նվազել են: «Բանկերի եկամտաբերությունը, ըստ իրենց ակտիվների և կապիտալի, նախորդ տարիների ընթացքում տատանվել է 6-7 տոկոսի շրջանում: Բանկը շահույթ հետապնդող կազմակերպություն է, ուստի ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում տոկոսադրույքները ՀՀ-ում անշեղորեն նվազել են: Այստեղ կարող է նաև ռիսկ առաջանալ, որ բանկերի շահույթը բավարար չէ իր այդ բիզնես հետաքրքրությունները բավարարելու տեսանկյունից»,-նշեց Մարտին Գալստյանը: Մարտին Գալստյանը միջնորդ կազմակերպությունների գործունեությանը բացասական է վերաբերվում: Նա կարծում է, որ ԿԲ-ն, որպես պետության կողմից հիմնադրված ինստիտուցիոնալ կառույց՝ ստեղծվել է հենց գործունեությունը լիցենզավորելու համար: «Ինչ վերաբերում է այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք գործում են օրինականության դաշտից դուրս, ապա դա, իմ կարծիքով, օրինականություն հաստատող մարմինների խնդիրն է, որին, անպայման, պետք է հետամուտ լինել»,-նշեց Մարտին Գալստյանը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը վերաբերում էր վարկային տոկոսադրույքները էլ ավելի նվազեցնելուն: «Այն տոկոսադրույքի քաղաքականությունը, որը իրականացնում է Կենտրոնական բանկը՝ օպտիմալ է: 6 տոկոս տոկոսադրույք ունենալը Հայաստանի նման երկրում լրիվ համահունչ է գնաճի նպատակադրման թիրախին, որին մենք ուզում ենք հասնել»,-ասաց նա: ԿԲ անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին: