Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80%-ից ավելի քվե ստանալը վկայում է պոտենցիալ վտանգի և հետընթացի մասին. «Երկիր Ծիրանի»

Պաշտոնական
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության գնահատականը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են Հայաստանի Հանրապետության գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր:  Հայաստանի Հանրապետությունում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչև վերոնշյալ ընտրությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական կառուցվածքի ապամենաշնորհման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի և անկախ դատական համակարգի ներդրման ուղղությամբ օրինագծեր չեն պատրաստվել, չնայած որ դրա համար բավականին ժամանակ կար։ Չեն ընդունվել այնպիսի սահմանադիր նոր օրենքներ, ինչպիսիք են.

  • Կուսակցությունների մասին օրենքը (վերագրանցել բոլոր կուսակցությունները, արգելել ավտորիտարիզմը սպասարկած և քառորդ դարի ընթացքում ապօրինությունների մեջ ներգրավված կուսակցությունների գործունեությունը, ապահովել կուսակցությունների նվազագույն անկախ ֆինանսավորումը):
  • Ընտրական օրենսգիրքը՝ ընտրական իրավունքի իրացումից դարձյալ զրկված են եղել արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ըստ էության, չի գործում տեղական ինքնակառավարման ինստիտուտը (մարզպետներին կառավարությունն է նշանակում)։
  • Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենքը, որը կտարածվի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր նորանկախ Հայաստանի Հանրապետության 27 տարիների ընթացքում ոտնահարել են մարդու իրավունքները, ապօրինի եղանակներով հարստացել են մեր քաղաքացիների հաշվին և սպասարկել են օտար երկրների հատուկ ծառայություններին։
  Չի ընդունվել տնտեսական դաշտը բարելավող հարկային և մաքսային օրենսդրություն: Քաղաքական գնահատականի չեն արժանացել.
  • Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները (ապօրինի սեփականաշնորհում, բոլոր համապետական ընտրությունների և հանրաքվեների կեղծում, քաղաքական սպանություններ, ապօրինի բանտարկություններ, խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգություններ և այլն):
  • 2016  թվականի պայմանավորված պատերազմի հիմնական մեղավոր Սերժ Սարգսյանի գործողությունները (անգործությունը):
  Քաղաքական հալածյալները չեն արդարացվել: Համաներում չի հայտարարվել: Այս ամենը ոչ միայն չի արվել, այլև դրանք իրականացնելու մասին ո՛չ ժամանակավոր կառավարության և ո՛չ էլ նախորդ ապօրինի իշխանությունների՝ ապօրինի ձևավորած խորհրդարանի կողմից հայեցակարգեր հանրությանը չեն ներկայացվել։ Գրեթե նման պայմաններում և նման հռետորաբանությամբ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը 83% քվեով, միայն մեկ տարբերությամբ՝ քաղաքացիների մասնակցությունն այն ժամանակ եղել է 74%, ի տարբերություն այսօրվա 43,65%-ի: Մեկ քաղաքական միավորի 80%-ից ավելի քվե ստանալը վկայում է պոտենցիալ վտանգի և հետընթացի մասին: Երկրում կուսակցական մենիշխանություն հաստատելու համար կառավարությունն ընտրողներին ապակողմնորոշելով սարսափեցրել է «հակահեղափոխության» մասին թեզով։ Նման պայմաններում առողջ և ստեղծագործ քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել։ Ահա այս ըմբռնումով մենք շարունակելու ենք պայքարը հանուն ժողովրդավար, ինքնավար Հայաստանի, որտեղ իշխանությունից տարբերվող քաղաքական տեսակետները չեն խեղդվում իշխանական լծակների գործադրման միջոցով։ Հանուն ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ Հայաստանի պայքարը շարունակվում է: ....................... ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներին՝ խորհրդարանը լուծարելուց առաջ   Դիմում եմ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր, և հատկապես` Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին: Հայ ազգը թմբիրից դուրս է եկել և դիրքավորվել քաղաքական խրամատներում: Ամեն ինչ պատրաստ է, նախագծված է, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շուտով լուծարվելու է: Հարգելի պատգամավորներ, 2018 թվականի ապրիլի 17-ին Դուք, գտնվելով թվացյալ քաղցր նիհրի և թմբիրի մեջ, չէիք կարող կանխատեսել, որ բախվելու եք պատմական շրջադարձի հետ: Չէիք կարող պատկերացնել, որ իրականում ոչ թե շարունակվելու է Ձեր` Սերժ Սարգսյան-ՀՀԿ համատեղ կյանքը, այլ այն ավարտվելու է: 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Դուք ընտրակաշառքների, ճնշումների և այլ ապօրինի ու բիրտ միջոցների գործադրմամբ շուրջ 1.500.000 մարդու մասնակցությամբ ձեռք բերեցիք պատգամավորի մանդատ, կազմեցիք Ձեր և Սերժ Սարգսյանի համար խորհրդարան, որը ստացավ «6-րդ գումարում» անվանումը: Այս տեսակի և այս որակի քաղաքական կառուցվածք ձևավորելով` ի դեմս գերլիազորություններով օժտված վարչապետի և նման քաղաքական միավորներից կազմված խորհրդարանի, Դուք չգիտակցեցիք, որ Ձեզ «ականապատել» եք: Իսկ 2018 թվականի ապրիլի 23-ից հետո Դուք, տեսնելով «ականները», չդիմեցիք քաղաքական «սակրավորներին» և չօգտագործեցիք նրանց արդյունավետ միջոցները, չդատապարտեցիք քառորդդարյա բռնապետությունը և բռնապետերին, չքանդեցիք հայկական Բաստիլը`КГБ բանտը, և չբացեցիք КГБ-ի արխիվները, չընդունեցիք քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու մասին օրենքներ, չընդունեցիք Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենք, Արցախի վիճելի կարգավիճակն օրենքի ուժով չվերացրեցիք, մեր պետության պաշտպանողական ռազմական հայեցակարգը չփոխարինեցիք կանխարգելիչ ազատագրական հայեցակարգով… Չգիտակցեցիք, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և համայն հայության համար Արցախի անձեռնմխելիությունը և մեր ազատագրված սուրբ հողը սակարկության առարկա չեն: Չհասկացաք, որ բռնապետական քաղաքական վերնախավի համար Արցախի սուրբ հողերի հանձնման պարտադրանքն այն կետն է, որին բախվելիս՝ չի կարող դիմակայել ոչ մի բռնապետ: Այդպես էր 1997-ի դեկտեմբերին, ինչը հանգեցրեց 1998-ի` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, ով փոխանցեց իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին,  այդպես էր 2016-ին, երբ Սերժ Սարգսյանը պայմանավորվել էր պատերազմով հանձնել հողերը, ինչը կասեցվեց մեր զինված ուժերի կողմից, և հասավ այս տարվա ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանին: Այդպես է նաև այսօր, որին գումարվել է մեր սահմանադիր քաղաքական կառուցվածքի ճգնաժամը, տնտեսական ճգնաժամը և Միջին Արևելքի պետությունների մասնատման բուռն գործընթացը: Հարգելի պատգամավորներ, Հանուն ապագա նոր սահմանադրական կարգի և նոր, իրական, մեր ողջ հայության Ազգային ժողովի ձևավորման՝ մինչև Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարումը պայքարի և դիմադրության միջոցով Դուք էլ միացեք ժողովրդի արդար ցասմանը, ընդունեք պահանջվող օրենքները:  Հիշե՛ք՝ շուրջ 100 տարի առաջ առանց կռվի հանձնվել է մեր հինավուրց Կարսը, որը մինչ օրս շարունակում է մնալ գերեվարված: Իրոք, արժե կռվել մեր` բոլորիս երեխաների համար, մեր Հայրենիքի համար: Խնդրանքս է` շտապ նախաձեռնեք և ընդունեք անհրաժեշտ օրենքներ, որի միջոցով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ոչ թե կընկնի, այլ լուծարվելով՝ կվերականգնի իր իսկական առաքելությունը, կարտացոլի 10.000.000-ից ավելի հայության իղձերը և կնպաստի գերեվարված Կարսի ազատագրմանը: (Տես՝ https://www.facebook.com/ZaruhiPostanjyan1/videos/539967936445625/UzpfSTEwMDAwMTY4NjIwNjU3NzoyMTM1NDIyNjQ2NTIzOTIx/ ).   Հարգանոք` Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ