Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ նեգատիվ առումով: ՀՀԿ-ն ցույց է տվել, որ ճիշտ չի գնահատում ստեծված վիճակը եւ Հայաստանում կա հակահեղափոխություն, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա, եթե հարց էր գնում՝ թե Հայաստանում կա հակահեղափոխություն, թե չկա, կարող եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք անհատապես և քաղաքական ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն հավաստիացրել են, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է։ «Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը կպաշտպանի այդ նախագիծը, պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ, և մենք դա թույլ չենք տալու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտարարեց վարչապետը: «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն։ Եվ եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ տեղի չեն ունենա։ Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրություններ կլինեն»: Վարչապետը տեղեկացրեց՝ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը: