Ծառուկյան. մարդկանց թյուրիմացության մեջ են գցում (տեսանյութ)
«Ոչ ոքի, անգամ Նիկոլի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա... Էդ ժամանակ, անմիջապես, Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ էս ինչ կատարվեց, սա մեջքից խփել էր: Սարգսյանի հետ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- Կենտրոնի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: «Հանդիպելու եմ արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպելու եմ իմ թիմակիցների հետ, նախապատրաստական աշխատանքներ եմ կատարելու՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»,- նշեց նա: Հարցին, թե լուրեր են պտտվում, որ Ծառուկյանն ուզում է Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին բերի իշխանության, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց պաշտոնավարման ժամանակ իրենց գործն արել են: Այսօր մեկ անգամ ևս կարող եմ իմ ժողովրդին ասել, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան… իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն, և նրանք չեն կարող «Բարգավաճ»-ով, իմ միջոցով գալ քաղաքականություն: Ես կարող եմ ասել՝ որպես Ծառուկյան, եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»: Հարցին՝ քաղաքական ի՞նչ քայլեր եք անելու առաջիկայում, ասաց. «Պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարյանի ու Սարգսյանի հետ: Չենք կարա ձեռքներս ծալած նստենք, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված... Հո չե՞նք ասում ԱԺ ընտրություններ չենք ուզում, կամ խանգարելու ենք, խնդիրը հրատապ լինելն ա... Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ»: