Խոշոր սկանդալ բելգիական ֆուտբոլում
Բելգիայի ոստիկանությունն այսօր խուզարկություններ է անցկացրել միանգանմից 10 ֆուտբոլային ակումբների գրասենյակներում: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, մեկ տարի հետաքննությունների արդյունքում հայտնի է դարձել, որ մի շարք ակումբների ղեկավարները թույլ են տվել ֆինանսական չարաշահումներ, խուսափել են հարկերից, համագործակցել են հանցագործ խմբավորումների հետ, որոնք կազմակերկել են պայմանավորված խաղեր եւ այլն: Ըստ նախնական տվյալների, Բելգիայում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Կիպրոսում, Չեռնոգորիայում եւ Մակեդոնիայում ձերբակալվել են բազմաթիվ ֆուտբոլային գործակալներ, մրցավարներ, փաստաբաններ, հաշվապահներ, լրագրողներ, որոնք կապ են ունեցել այդ մեքենայությունների հետ: Հարկ է նշել, որ հետաքննվողների թվում են նաեւ թիմերի ներկայիս մարզիչները, մասնավորապես՝ երկրի չեմպիոն «Բրյուգեի» գլխավոր մարզիչ Իվան Լեկոն, որը միաժամանակ ֆուտբոլային գործակալ է: Քննիչները զրույցի են հրավիրել նաեւ Բելգիայի հավաքականի նախկին դարպասապահ Միշել Պրյուդոմին, որն այժմ աշխատում է վերը նշված թիմում: Հարկ է նշել, որ ոստիկանությունը խուզարկություն է կատարել բոլոր առաջատար ակումբներում՝ Բրյուսելի «Անդերլեխթում», Լյեժի «Ստանդարդում», «Բրյուգեում», «Գենկում», «Մեխելենում», որոնք տարիներ շարունակ հաջողությամբ հանդես են եկել եվրոպական գավաթների մրցաշարերում: