«Վարչապետի հրաժարականն ամենախելամիտ տարբերակը չէ, բայց միակն է ստեղծված իրավիճակում» (տեսանյութ)
Եթե Ազգային ժողովը չի ընտրում վարչապետ, ապա պետք է ինքնալուծարվի, Սահմանադրության պահանջն է, որը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ «Մեր սահմանադրությունը որոշակի խութեր ունի եւ կարող են խնդիրներ առաջանալ, եթե քաղաքական ուժերը որոշեն այն յուրովի մեկնաբանել»,-ասում է ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: Սահմանադրագետը շեշտում է՝ այս պարագայում վճռորոշ է այն կուսակցությունների դերը, որոնք ԱԺ-ում ունեն կեսից ավելի մանդատներ: «Հիմնական գրավականը վարչապետի, որպեսզի որեւէ մեկին առաջադրելու եւ նրան ընտրելու առումով չլինեն պատրաստակամ ԱԺ-ի կեսից ավելի պատգամավորներ: Կեսից ավելի թիվը եթե չկա , ապա ամեն ինչ հստակ կընթանա»: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ցանկացած հանրային պահանջ պետք է լինի հիմնավորված եւ բխի սահմանադրության դրույթներից: Վարդան Այվազյանն անդրադառնում է ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու հանրային պահանջին: «Եթե հանրային պահանջին ընդառաջ գնանք, ապա պետք է դադարեցվի սահմանադրության գործունեությունը: Սահմանադրական իրավունքը կվերածվի փողոցային իրավունքի, այսպես կոչված մայդանյան իրավունքի»,-նշում է նա: Վարդան Այվազյանի խոսքով՝ խորհրդարանը լուծարելու համար վարչապետի հրաժարականն ամենախելամիտ տարբերակ չէ, բայց միակն է ստեղծված իրավիճակում: «Ոչ խելամիտ տարբերակի մեղավորներն այսօրվա գործող իշխանություններն են, մասնավորապես այն սահմանադրական հանձնաժողովը, որը մշակեց եւ հանրությանը մատուցեց այս սահմանադրությունը»: Խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտն առաջին անգամ է գործելու մեր իրականության մեջ եւ որեւ պետական մարմին դրա վերաբերյալ ակտ ընդունել չի կարող, ասում է փորձագետը: «Կարող են օրինակ ՀՀԿ-ակաները ասել, որ իրավունքի ուժով ինքնալուծարված չէ, նման սցենար տեսականորեն կարող է լինել, փորձեն դա բողոքարկել սահմանադրական դատարանում եւ այլն»,-ասում է Վարդան Այվազյանը: Չնայած դրան, Վարդան Այվազյանը լավատես է՝ նման խորչընդոտներ ստեղծելու համար կուսակցությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի ցասման հետ: Ի դեպ, դեռեւս պարզ չէ վարչապետի հրաժարականի օրը։ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը: Նրա մամուլի խոսնակ Արման Եղոյանն ընդգծել է, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերի հետ, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում: