Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Վանեցյան. «Ես լիովին վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին» (տեսանյութ)

Մարզեր
sport-vanecyan-15.10.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելեց Երեւանի «Հանրապետական» մարզադաշտ եւ ներկա գտնվեց Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը: Նա կարճատեւ զրույց ունեցավ հավաքականի ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ, ապա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: «Խոսեցինք վաղվա խաղի, հետագա անելիքների մասին: Ֆուտբոլիստներին մաղթեցինք լավ տրամադրություն, որ հավաքվեն եւ լավ խաղ ցուցադրեն: Արմեն Գյուլբուդաղյանցին ասացի, որ չընկճվի եւ իր բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղի վրա: Ջիբրալթարի հանդիպումը պարտվեցինք, բայց վիճակագրությամբ այն Հայաստանի հավաքականի լավագույն խաղերից մեկն էր: Սակայն ունենք պարտություն: Այն արդեն քննարկել ենք, մասնագիտական վերլուծության ենք ենթարկել: Նախորդ խաղից առաջ իմ մտքում ունեի թիմի հայտացուցակը եւ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել: Անուններ չեմ նշի, բայց մենք ընտրել եւ նշանակել ենք գլխավոր մարզչի, եւ պետք է վստահենք նրան ու սպասենք արդյունքների: Եթե առաջիկայում արդյունքները չբավարարեն մեզ, կարող ենք փոխել մարզչին, սակայն այս պահին այդպիսի խնդիր չկա, եւ ես լիովին վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին: Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է եւ ցանկացած պարտություն մեր ազգը ծանր է տանում: Այսօր պարզել ենք, որ Հայաստանում ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, և դրանց մեջ պետք է փնտրենք հավաքականի խաղացողներին: Մենք մոլուցքի նման հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ ենք փնտրում ամբողջ աշխարհում, որպեսզի բերենք հավաքական, չիմանալով, արդյոք նրանք լավ խաղացողներ են, թե՝ վատ: Դիմում եմ ֆուտբոլասեր հանրությանը, որ լցվեն համբերությամբ, վստահեն մեզ: Առաջիկայում այնպիսի քայլեր կձեռնարկենք, որ կարճ ժամանակում, 4-5 տարում, կունենանք լավ արդյունք», - ասաց ՀՖՖ նախագահը: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչ է մտածում Հայաստան – Ջիբրալթար խաղին երկու ֆան ակումբների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասին, եւ ինչ է հարկավոր այն հետագայում բացառելու համար, պարոն Վանեցյանը պատասխանեց: «Շատ բացասական եմ գնահատում ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երկրպագուների մասնակցությամբ միջադեպը: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ երկու շարժումները մշտապես բողոքել են ֆուտբոլի ֆեդերացիայից եւ ասել, որ իրենց չեն տրամադրում իրենց ուզած տեղերը: Նրանց հետ հանդիպումից հետո քննարկել ենք տարբեր հարցեր եւ մի խմբին առաջարկել եմ մի դարպասի հետեւի տրիբունան, մյուս խմբին՝ մյուս: Սակայն նրանք շատ բացասական են ընդունել դա՝ նշելով, որ դարպասի հետեւից իրենց ձայնը չի հասնում խաղադաշտ եւ չեն կարողանում երկրպագել նորմալ: Նրանք խոստացել էին, որ որեւէ միջադեպ չի լինի, սակայն չեն պահել իրենց խոստումը: Չեմ ցանկանում այս պահին ասել, թե ով չի պահել խոստումը, սակայն դա բոլորին հայտնի է: Խաղից հետո եւս հանդիպել ենք ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երկրպագուների հետ, եւ նրանք խոստացել են շտկել բոլոր տարաձայնությունները ու այլեւս տեղիք չտան նման երեւույթների: Վաղվա խաղում եւս նրանք կլինեն իրար կողք, իսկ հետագայում, երբ կունենանք մարզադաշտի անվտանգության հայեցակարգը, որն այսօր չունենք, այդ ժամանակ հստակ կգրվի, թե որտեղ կլինեն այդ երկրպագուները: Միջադեպի վերաբերյալ ՈւԵՖԱ-ից արդեն արձագանք կա, սակայն 100 հազար եվրո տուգանքի մասին  տեղեկությունը սխալ է: Կլինեն պատժամիջոցներ: Ցանկացած արարք, որը կատարվում է խաղի ժամանակ, ՈւԵՖԱ-ի կողմից արժանանում է շատ խիստ գնահատականի: Բացի այն, որ այդտեղ հեղինակության ռիսկ կա ֆեդերացիայի համար, կարող են լինել նաեւ մեծ ֆինանսական ծախսեր, իսկ մենք այժմ չենք կարող մեզ թույլ տալ այդպիսի ճոխություն», - եզրակացրեց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: