Արդյո՞ք վարչապետի ընտրության և արտահերթի նիստերը չեն խաչվում, հարցրեց Փաշինյանը, «խաչում չի լինում»՝ ասացին (տեսանյութ)
Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված 34 հարցերից 17-ը չզեկուցվող է , 3-ը՝ գաղտնի։ Չզեկուցվող հարցերից են՝ «Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու», Բնակելի տարածք նվիրելու, «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։ Գաղտնի 3 հարցերն էլ վերաբերում են պաշտպանության ոլորտին, դրանք կզեկուցի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Կառավարության նախորդ շաբաթվա՝ հոկտեմբերի 18-ի, նիստի օրակարգում ընդգրված 24 հարցից չզեկուցվող էր 20-ը, և ստացվում է, թեև Կառավարության նիստերը դռնփակից դարձան դռնբաց, սակայն, արդյունքում զեկուցվող հարցերի թիվը սկսել է նվազել։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հոկտեմբերի 31ին ժամը 11ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին նախագիծը։ Զեկուցող, Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ կքննարկվի «էրեբունի- Երևանի հիմնադրման 2800ամյակի և ՀՀ առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին հարցը։ Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչապետի ընտրության նիստի ժամի հետ չի խաչվի նիստը։ Փոխվարչապետ Արարատ Զուրաբյանը տեղեկացրեց, որ նույն օրն է, բայց տարբեր ժամերի. «Խաչում չի լինում»։