Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի-2800-ի առիթով բացվեց միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես

Հասարակություն
namakanish-1

Երեւանի պատմության թանգարանում այսօր բացվեց Հայաստանի ֆիլատելիստների միության կողմից կազմակերպած միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը, որը նվիրված է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են 20-ից ավելի մասնակիցների հավաքածուներ, այդ թվում վեցը՝ ԱՄՆ-ից:  «Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 27-ը: Այս օրերին հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի հավաքածուները, իսկ շաբաթ օրը, փակման արարողության ժամանակ, այն կորոշի հաղթողներին», - «Ա1+»-ին հայտնեց  ՀՖՄ նախագահ Հովիկ Մուսայելյանը: Հայկական ֆիլատելիայի ղեկավարը ցավում է միայն մի բանի համար, որ ցուցահանդեսին հիմնականում մասնակցում են ավագ սերնդի ներկայացուցիչները: «Այս ցուցահանդեսը իր ուրույն տեղը կունենա Հայաստանում ֆիլատելիայի զարգացման գործում, պարզապես ցանկալի կլիներ, որ նման միջոցառումներին ավելի շատ հաղորդակից լինեն երիտասարդներն ու դպրոցականները, որպեսզի ֆիլատելիան ապագա ունենա», - ասաց ՀՖՄ նախագահը: Ինչպես նշեց Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստը» Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված եռաթերթիկ 4 նամականիշ է տպագրել, սակայն դրանք դեռ չեն մարվել:  «Այսօր մենք մարեցինք միայն ցուցահանդեսին նվիրված բացիկը: Կարծում եմ, որ մինչեւ այս տարվա վերջ տեղի կունենա Երեւան-2800-ին նվիրված նամականիշների մարման արարողությունը, եւ դրան կմասնակցեն երկրի առաջին դեմքերը», - եզրափակեց Հովիկ Մուսայելյանը: