Կեղծ փաստաթղթեր հայկական ֆուտբոլում
ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» եւ մինչեւ 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՖՖ–ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը. 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին եւ Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը): 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի» «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան եւ Նարեկ Մարգարյան) ծննդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների: ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաններին: ՀՖՖ-ի այս հայտարարությունը համարում ենք հիմք ՀՀ ոստիկանությանը՝ ներկայացված գործերին համապատասխան ընթացք տալու համար: