ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է ՄԻԵԴ-ում գործող Բարձր դատարանների ցանցին (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին (ECHR Superior Courts Network)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը։ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անունից դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին՝Բարձր դատարանների ցանցին միանալու համար: Ի պատասխան` պարոն Ռայմոնդին ողջունել է Ցանցի անդամ դառնալու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ցանկությունը և հետաքրքրվածությունը: Այսօր արդեն Ցանցը հասանելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին: Ցանցին անդամակցումը հնարավորություն կտա` - առավել արդյունավետ և արագ տեղեկատվություն ստանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վերաբերյալ, - ներկայացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի առկա պրակտիկան, որն առնչվում է Կոնվենցիայի կիրառմանը, - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հիման վրա զարգացնելու և կատարելագործելու դատական պրակտիկան»,– գրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը։