Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմպրոդէքսպո»-ն մեկնարկեց

Պաշտոնական
o1

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է  ամենամյա թվով 17-րդ «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոյանը,  պաշտոնատար այլ անձինք։ ««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարևորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր և արդյունավետ  աշխատող բիզնես, և մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաև ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ «Արմպրոդէքսպոն»  պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է,  արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ։ Նախարարը հույս է հայտնել, որ այն  խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման և ոլորտի առաջանցիկ զարգացման համար, տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը և ընդլայնվի աշխարհագրությունը՝ հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ և նոր որակ։ Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը,  զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են  ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից։ Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։ «Արմպրոդէքսպոն» կտևի մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր ժամը 10։00-ից մինչև 18:00-ն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին