Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում

Պաշտոնական
hayko

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը   աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև  քաղաքապետի մամուլի քարտուղարին: Մայրաքաղաքում  միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են  սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին:  Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը: Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ քաղաքապետ  Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը, իսկ   շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին ուղղորդել բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև  վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրել է, որ, որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի  միջոցներ են հատկացվոմ այս ծրագիրն իրականացնելու համար: Սակայն լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով բնակիչների ու անցորդների անվտանգությունը: Խնդրի առնչությամբ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է համատիրությունների հետ համատեղ բացատրական աշխատանքներ տանել  բնակիչների հետ՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը: Խորհրդակցության ժամանակ  Հայկ Մարությանն անդրադարձել է նաև  քաղաքային տրանսպորտի սպասարկման խնդիրներին՝  ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ  դնելով հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն,  ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և շարժակազմի անխափան շահագործմանը: Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն