«Իմ քայլի» պրոբլեմները ներսից կսկսվեն. փորձագետ (տեսանյութ)
Ընտրություններն անհրաժեշտ են, դեռ մի բան էլ ուշացրել ենք, ասում է փորձագետ Վիգեն Խաչատրյանը. «Մայիսից գիտեին, որ ընտրություն է լինելու եւ կես տարին բավարար էր պատրաստվելու համար։ Կան ուժեր, որոնց համար մեկ կամ երկու տարին էլ քիչ կլիներ։ Այդ ինչ ուժեր են, որ պետք է պատրաստվեին եւ մասնակցեին ընտրություններին»։ Անընդունելի է , երբ բիզնեսը սերտաճում է քաղաքականության հետ եւ իշխանությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ասում է Վիգեն Խաչատրյանը։ «Իմ քայլը» պրոբլեմ է ունենալու եւ դա սկսելու է ներսից։ Շատերն ասում են , ինչու չկանք ցուցակում, մյուս դժգոհության ալիքը կբարձրանա, երբ որոշեն, թե Աժ-ում ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Իսկ կարգախոսը ամենաանխոհեմն է, մենք վարչապետ չենք ընտրում, այլ խորհրդարան»։ Ընտրությունները երբ էլ լինեին՝ կլինեին ուժեր, որոնք կասեին պատրաստ չենք, պնդում է փորձագետ Վիգեն Հակոբյանը։ «Արտահայտությունները, որ ընտրությունները հապճեպ են, դա ընդամենը արդարանալու միջոց է»։ Անդրադառնալով ընտրական ցուցակներին, փորձագետը նշում է։ «ՀՀԿ-ի ցուցակում երկու սկզբունք է դրված, առաջին, որ լինեն քաղաքական դեմքեր եւ մյուսը՝ ԱԺ-ում հարցեր կարողանան բարձրացնել։ Օրինակ, Դավիթ Շահնազարյանը Արցախի հետ կապված հարցեր կբարձրացնի, ցուցակում հիմնականում ընդգրկված են խոսացող մարդիկ»։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, ըստ Վիգեն Հակոբյանի, ընդգրկում է այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով մասնակցել են հեղափոխությանը։ Նիկոլ Փաշինյանը իր պարտքն այդ մարդկանց այդպես է հատուցելու։ «Շանսեր ունի ԲՀԿ-ն, նաեւ ՀՀԿ-ն՝ եթե կոնսոլիդացված աշխատի։ ՀՀԿ-ի համար սև-սպիտակ բաժանումը ձեռնտու է, կան մարդիկ, ովքեր դեմ են Փաշինյանի իշխանությանը, ՀՀԿ-ն կփորձի քերել արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը»,-ասաց նա։