Կրքերը բորբոքվում են, եւ եթե առաջանան խնդիրներ, ապա Ադրբեջանը դրանից առաջինը կօգտվի. Արմեն Ռուստամյան
Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որն առկա է ՀԱՊԿ գործընկերության մեջ , այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Զգայուն հարցերը մինչև չեն համաձայնեցվում ներսում, չեն հրապարակվում: Սրանով, չեմ կարծում, որ օգնում են հետագա համագործակցության ձեռք բերմանը: Նման հարցերը լուծվելու են համախոհությամբ, և դրա հնարավորությունը պետք է պահպանվի: Մյուս կողմից էլ մեր խնդիրները մենք այնպես պետք է ձևակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնենք»,-ասաց նա: Ռուստամյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը պահելու հարցին, նշեց, որ մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել: Ըստ ՀՅԴ պատգամավորի, կրքերը բորբոքվում են, եւ եթե առաջանան խնդիրներ, ապա Ադրբեջանը դրանից առաջինը կօգտվի: «Տեսնում եմ, թե Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով մեզ վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն մեզանից է: Պետք է զգույշ լինենք, հաշվի առնելով, որ խոսքը մեր անվտանգության մասին է»,-նշեց պատգամավորը: Ընտրությունները կլինեն արդար, չեմ կարծում, որ նախորդ ընտրությունների նման ընտրակեղծիքներ կլինեն, ասում է պատգամավորը: «Սա փորձություն է իշխանության համար եւ սա հիմք է տալիս պնդելու, որ նախորդների համեմատ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ»: