Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Բարբարա Դևիսի հետ

Քաղաքականություն
menq-3

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն: ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Սարգսյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման մասին հարցեր: Նշենք, որ  ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի առաքելությունը բաղկացած է 13 փորձագետներից և 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղավորվելու են երկրի ողջ տարածքում: Առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին: Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու են ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումը ու արդյունքների ամփոփումը: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: