Մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)
«Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց ՕԵԿ կենտրոնական գրասենյակի մոտից: ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ, քայլերթով շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ մոմ վառեցին: «Մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք»,- մոմավառությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Աշխարհում կան լիքը գույներ, սիրեք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Մենք փորձելու ենք շիտակ, քաղաքական մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին»: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այսօր չի տեսնում երկրի զարգացման ճանապարհը, տեսլականը, դրա համար էլ մասնակցում են ընտրություններին, որպեսզի ներկայացնեն ժողովրդին իրենց ծրագրերն ու գաղափարները: «Տեղի է ունեցել հեղափոխություն, 8 ամիս անցել է: 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա»,- ասաց նա: Հարցին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակից շո՞ւտ է սկսել քարոզարշավը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց: «Չեմ ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը: Ինչ եղել-եղել է: Մենք քարոզարշավը կազմակերպելու ենք Երեւանում, մարզերում, նաեւ տարբեր սոցիալական խմբերի հետ»: Վերջում, Արթուր Բաղդասարյանը կոչ արեց մոմ վառել, այնուհետ խաղաղություն եւ ամենայն բարիք մաղթեց հավաքվածներին: