Նախկին իշխանությունների կողմից փորձ է արվել նվազեցնել ռուսերենի դերը. ՌԴ դեսպան (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստներն իրար հերթ չտալով հիշում են սովետական կարգերն ու բարձրացնում հարց՝ ռուսերենը դարձնել առավել մասսայական: Առիթը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի այցն է հայ կոմունիստներին։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցնում է՝ սովետական կարգերն այլեւս պատմություն են, Հայաստանը հիմա անկախ երկիր է, եւ որոշումները կայացվում են ելնելով երկրի շահերից: «Նախկին իշխանությունների կողմից փորձ է արվել նվազեցնել ռուսերենի ազդեցությունը»,-ասում է դեսպանը: Ռուսերենի տարածման համար դեսպանը կարեւորում է պետական աջակցությունը, բայց եւ անկեղծորեն ընդգծում՝ Ռուսաստանի ռեսուրսները սահմանափակ են եւ դժվար է մրցակցել ԱՄՆ-ի կամ Եվրոպական Միության երկրների հետ: «Երիտասարդները պետք է ռուսերեն սովորելու ազդակ ունենան, բայց նրանք ավելի պրագմատիկ են, չունեն այն նոստալգիկ զգացողությունները՝ ինչ մենք»: Դեսպանին հարցերը բազմաբնույթ են՝ ռուսական ավիաընկերությունների մենաշնորհից մինչեւ Գյումրիի ռազմաբազայում ծառայող սպաների վարքը: «Ինչ մեղքս թաքցնեմ, նախկին իշխանություններն այնպիսի դիրք էին զբաղեցնում, որ հենց իրենց հետ պետք է լինի կոնտակտ եւ որ իրենք են հայ-ռուսական հարաբերությունների պաշտպանները: Կարծում եմ՝ մենք կփոխենք իրավիճակը»,-ընդգծում է Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպումը տեւեց մոտ երկու ժամ, մինչեւ դեսպանը պատասխանեց բոլորի հարցերին։ Ի դեպ, հայ կոմունիստները չեն մոռանում, որ վաղը Հայաստանի սովետականացման օրն է։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն։