Հիմնադրվեց հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կոալիցիան
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնադիր ժողովը: Մասնակցում էին կոալիցիային անդամակցած 33 կազմակերպության ներկայացուցիչները: Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում: «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը, ներառական կրթության ապահովման խնդիրների լուծումը Հայաստանում պետք է իրականացնել համակարգային և ոչ դրվագային լուծումների միջոցով: Ձեզանից յուրաքանյուրն ամեն օր այս ոլորտում իրականացնում է դաշտային աշխատանքներ և շատ լավ գիտի առկա խնդիրները: Եվ այս առումով շատ կարևոր է, որ խնդիրների փունջը դուք վեր հանեք, խնդիրները դարձնեք հանրային քաղաքականություններ և փորձեք լուծումներ տալ՝ նաև մշտադիտարկման տակ պահելով կառավարության ծրագրերը»,- ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման և համակարգային փոփոխությունների հասնելու համար այսօր ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միավորում են իրենց ջանքերը՝ ի նպաստ ներառական կրթության կայացմանը Հայաստանում: «Մենք միասին ցանկանում ենք կոալիցիայի միջոցով նպաստել մեր երկրում կառավարության կողմից իրականացվող ներառական կրթության բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մարզային ՔՀԿ-ների, կառավարության, այլ պետական մարմինների միջև համագործակցությանն ձևավորմանն ու զարգացմանը՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը,- ասաց նա:: Այնուհետև Նաիրա Առաքելյանի կողմից ներկայացվեց կոալիցիայի կանոնակարգը և հուշագիրը, կազմվեց խորհուրդը և քննարկվեցին հետագա համատեղ գործողությունները: