Հույս ունեմ, որ ժողովրդի սրտում մեկ քվեաթերթիկ է. Փաշինյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Չարենցավանում մարդաշատ էր՝ չնայած եղանակային պայմաններին և չընդհատվող անձրևին: Մարդիկ հավաքվել էին ողջունելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, լսելու պետության զարգացման «Իմ քայլը» դաշինքի տեսլականը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Չարենցավանն այն քաղաքն է, որը խորհրդանշում է իրենց քաղաքական ուժի երազանքը: Փաշինյանը բացատրեց իր միտքը՝ Չարենցավանը ձևավորվել է 47-49թթ հայրենիք վերադարձած հայրենադարձներից և արդյունքում դարձել է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը: «Ըստ էության, այս երկու սիմվոլների վրա մենք կարող ենք կառուցել մեր երկիրը»,- շեշտել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ իրենք արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Առաջիկա 20 տարիներին ցանկանում են դադարեցնել արտագաղթը և կազմակերպել մեծ հայրենադարձություն: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ չարենցավանցիներն իրենց սրտում ունեն մեկ քվեաթերթիկ, և դա 4-րդ համարի քվեաթերթիկն է: Վերջինս նշում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ընտրվում է նաև վարչապետ, իսկ «Իմ քայլը» դաշինքին ձայն տալով՝ ժողովուրդը իրեն տալիս է մանդատ և հնարավորություն ապագա 5 տարիներին պաշտոնավարելու վարչապետի պաշտոնում: