Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում ատելության խոսքեր շատ ավելի քիչ են հնչել, քան մի շարք երկրներում». Զ. Վույովիչ (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine

Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչի ներկայացրեց ENEMO- ի միջանկյալ զեկույցի հիմնական եզրակացությունը. «Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ եւ խաղաղ էր, չնայած այն հանգամանքին, որ կային ատելության խոսքի դեպքեր, որոնք չպետք է չվիճարկված մնան: Պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա՝ նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաեւ ընտրական վարչարարության իրականացմանը»: ENEMO-ն նշեց, որ ընտրողների ռեգիստրում որոշակի անճշտություններ կան, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ ընտրողների ռեգիստրում առկա անհամապատասխանությունները չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա: Պարոն Վույովիչը ENEMO-ի անունից մտահոգություն հայտնեց քարոզարշավի ընթացքում կեղծ լուրերի առցանց տարածմամբ եւ օնլայն գովազդների բացահայտմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների բացակայության, ինչպես նաեւ՝ որոշ տեղական դիտորդական խմբերի վերաբերյալ, որոնց ենթադրյալ կապը մրցակցող կուսակցություններից մեկի հետ սպառնում է դիտարկման անաչառությանը եւ արդյունավետությանը: ENEMO դիտորդական առաքելությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ: Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը ասաց. «ENEMO-ն նկատել է, որ ԿԸՀ-ի նիստերում առկա չեն բանավեճեր: ԿԸՀ-ի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ, նիստերը հեռարձակվում են առցանց՝ ԿԸՀ-ի կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու ԿԸՀ-ն հրաժարվեց ENEMO- ին տեղեկատվություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ, ինչը խնդիր չէր տեղական դիտորդների ընդհանուր թվի դեպքում»: ENEMO- ի հայաստանյան առաքելության մամուլի եւ կազմակերպչական հարցերով համակարգող Մայա Միլիկիչը նշել է. «Սա ENEMO- ի առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստան: Իր գործունեությունը Հայաստանում ENEMO-ն սկսել է սույն թվականի նոյեմբերի սկզբին, եւ դիտորդական առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո եւս վեց շաբաթ: Ընտրությունների օրվա ընթացքում 60 ENEMO դիտորդները նախատեսում են դիտարկել մինչեւ 450 ընտրատեղամասեր, որը կազմում է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերի մոտ 22 տոկոսը, եւ դիտարկել ընտրատեղամասերի բացումը, քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացակարգերը, ինչպես նաեւ՝ արձանագրությունների կազմումը»: Միջանկյալ զեկույցը հիմնված է ENEMO-ի դիտորդներից ստացված եզրակացությունների վրա, որոնք հիմնականում վերաբերում են ընտրական վարչական մարմինների ու գրանցված կուսակցությունների եւ թեկնածուների աշխատանքներին, նախընտրական քարոզչության անցկացմանը, ընտրական գործընթացներին վերաբերող բողոքներին եւ դիմումներին, ինչպես նաեւ ընտրություններին առնչվող այլ գործողությունների: