Հրանտ Մելքումյանը երրորդ հաղթանակը տոնեց Լոնդոնում
London Chess Classic շախմատային մրցաշարի շրջանակում անցկացվող ՖԻԴԵ-ի օփենում հանդես եկող Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը շարունակում է վստահ ելույթները: Կայացած երրորդ տուրում մեր գրոսմայստերը հաղթեց կանանց միջազգային վարպետ, ֆրանսիացի Սոֆի Միլիեին, վաստակեց 3 միավոր եւ կրկին գլխավորեց աղյուսակը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի անգլիացի գրոսմայստեր Գլեն Ֆլիրի հետ: Այս մրցաշարում հաջող է հանդես գալիս նաեւ մեր մյուս շախմատիստը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Նա 3-րդ տուրի խաղում հաղթեց անգլիացի Մարկուս Օսբորնին եւ այժմ 2,5 միավորով զբաղեցնում է 36-րդ տեղը: 17-ամյա շախմատիստի հաջորդ մրցակիցը ֆրանսիացի գրոսմայստեր Ժյուլ Մուսարն է: Հայաստանը ներկայացնող Սիրանուշ Ղուկասյանը ընթացիկ փուլում տարավ իր երկրոդ հաղթանակը եւ կտրուկ բարելավեց մրցաշարային գործերը: Մեր շախմատիստուհին այժմ 2 միավորով ընթանում է 64-րդ հորիզոնականում: Այսօր նա կմրցի անգլիացի Գվիլիմ Պրայսի հետ: