Կառավարության նիստ. Բժիշկներն անվճար կբուժվեն (տեսանյութ)
Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը: Օրակարգում 46 հարց է: Նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում այսօր որոշվեց. որ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ կստանան պետական հավաստագրերի միջոցով 2019թ.-ին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ սարքերը պետական հավաստագրերի միջոցով ստանալը շատ հարմար է: «Փորձը ցույց է տվել, որ դա շատ հարմար է, քանի որ անձը կարողանում է ընտրել այն պարագան, որն իրեն պետք է: 4 անուն սայլակի փոխարեն այժմ առաջարկվում է 70 անուն սայլակ, ընտրությունը մեծացել է, իսկ լսողական սարքերի պարագայում 2 տեսակից դարձել է 20 տեսակ»: Պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրման համար պետբյուջեից տրամադրված է 924 մլն դրամ, իսկ 2019-ի բյուջեով՝ 921 մլն դրամ: Իսկ շահառուների թիվը 6-7 հազար է: Պետական հավաստագրով ստացած սայլակի օգտագործման ժամկետը երեք տարի է, որից հետո նորից կարող է ստանալ հավաստագիր: Նշենք, որ սարքերը տրամադրվում են անվճար: Բժիշկներն անվճար կբուժվեն 15 000 բժիշկներ եկող տարվանից սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն կստանան, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «15 000 բուժաշխատողներ իրավունք կունենան օգտվելու այն սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը»,-ասաց նա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց: «Սրանով մենք լուծում ենք այն հայտնի ասացվածքի անարդարությունը, որ վարորդը վերջում ոտքով է տուն գնում»: