Սփյուռքի հետ ո՞ր կառույցը պիտի կապերը պահպանի. Գ. Յազըճյան
Երևանում այսօր հիշում էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) համահիմնադիր Գևորգ Աճեմյանի հիշատակը: Աճեմյանը մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 27-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Մահվան 20-ամյակի առթիվ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ հանդիսություն, որի ընթացքում ելույթ ունեցան պատմաբան Վլադիմիր Պետրոսյանը, գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանը, հասարակական-քաղաքական գործիչ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը և այլք: Հանդիսությունից հետո «Ա1+»-ը զրուցեց սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազըճյանի հետ: Պատմաբանը անդրադառնալով ներկա քաղաքական վիճակին, նշեց, որ քաղաքական իրավիճակը հստակ չէ այս պահի դրությամբ: «Ես չեմ հասկանում, թե սա ինչ տեսակ հեղափոխություն է, որովհետև պարոն Փաշինյանը ընթանում է մի ուղղությամբ, որը պատմության մեջ չի եղել. այսինքն՝ խաղաղ գոյակցություն՝ հեղափոխականների և հակահեղափոխականների միջև»,- ասում է նա: Որպես անհատ, Գևորգ Յազըճյանը պատրաստակամություն է հայտնում. սխալ բան տեսնելիս անմիջապես արձագանքելու է: «Մշակույթի նախարարության լուծարումը ես գտնում եմ մեծագույն սխալ, նույնիսկ տխմարություն կարելի է ասել»,- կարծիք է հայտնում պատմաբանը նախարարությունների օպտիմալացման ծրագրի շուրջ: Սփյուռքի նախարարության վերացումից առաջ, ըստ նրա, պետք էր ստեղծել Սփյուռքի նախարարության հիման վրա մի կառույց. «Հիմա ես էլ չգիտեմ, հետագայում պետական ո՞ր կառույցը պիտի այսպես կապերը պահպանի Սփյուռքի հետ, որը մեծ ներուժ ունի, եթե ճիշտ կարողանանք օգտագործել»: Վերջում Յազըճյանը անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը. «Թող նա գոհ լինի, որ գտնվում է կալանավայրում, որովհետև, եթե հանկարծ ժողովուրդին թողնեն, ժողովուրդը իրեն կենթարկի Լինչի դատաստանի»: