Աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում է հնամաշ մեքենաների ձեռքբերումը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։ Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռք բերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։ Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»,- գրառման մեջ նշում է պատգամավորը: