«Կոճակ սեղմողների» մոտեցում ձևակերպելը կոռեկտ չէ. Լ. Մակունց (տեսանյութ)
«Երեկ անթաքույց ակնարկ արվեց այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշում է գործադրվել որոշում կայացնելու համար»,- իր ելույթի սկզբում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրության քննարկմանը: Մակունցի խոսքով՝ իրենց համար անհասկանալի ու վիրավորական է այդ մեղադրանքը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզված է, որ սկզբունքների հիման վրա կատարված քաղաքական որոշումը, դիրքորոշումները, պարբերաբար նույնպես իրականացնելու են մյուս ուժերը: Վերջինների տեսակետը ձևակերպել, որպես՝ «կոճակ սեղմողների» մոտեցում, ըստ Մակունցի, մեղմ ասած կոռեկտ չէ: «Ազգային ժողովը համարվում է կարևորագույն քաղաքական ինստիտուտներից մեկը: ԱԺ նախագահի, տեղակալների պաշտոնը մեզ համար առանցքային է: Եվ այս պարագայում, իհարկե, կարևոր է հստակ ունենալ քաղաքական դիրքորոշում, ինչը և մենք ունենք»,- եզրափակեց մշակույթի նախկին նախարարը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում: