Եվրամիությունը Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել (տեսանյութ)
Եվրամիությունը Ռուսաստանի եւ Սիրիայի մի շարք անձանց եւ ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Բրիտանիայի տարածքում նյարդային նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով, մինչդեռ Սիրիայի հետազոտական կենտրոնը եւ դրա հետ կապված անձինք մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մոգերինիի խոսքով, պատժամիջոցներ ընդունելու որոշումը հենված է «ամուր իրավական հիմքի վրա». «Եվրոպական միությունը միշտ աջակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին եւ շարունակելու է դրան հետեւել՝ արգելափակելով դրանց օգտոգործումն այլ ուժերի կողմից»: Եվրամիության արտգործնախարարների ընդունած որոշումը նախատեսում է արգելել իր տարածք ինը անձանց մուտքը եւ նրանց դրամական միջոցների սառեցում: Առանձին պատժամիջոցներ են ընդունվել Սիրիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի դեմ: Պատժամիջոցների տակ գտնվող ինը անձանցից հինգը կապված են սիրիական հետազոտական կենտրոնի աշխատանքների հետ: Ռուսաստանի չորս քաղաքացիներից երկուսը 2018-ի մարտին բրիտանական Սալզբրիում նյարդային նյութ կիրառելու մեջ մեղադրվողներն են, մյուս երկուսը՝ նրանց ղեկավարները, այդ թվում՝ ռուսական ռազմական հետախուզական ծառայության փոխտնօրենը: «Այսօրվա որոշումը լրացնում է մեր գործողությունները՝ ուղղված քիմիական զենքերի եւ ընդհանրապես՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ օգտագործման բացահայտմանն ու կանխարգելմանը», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ում խոսքով, Եվրամիության անդամ պետությունները շարունակելու են կոշտ պատժամիջոցներ կիրառել զանգվածային ոչնչացման զենք օգտագործող բոլոր ուժերի դեմ: