Մոբայլ մանկապարտեզներում ավելի կմեծանա երեխաների ընդգրկվածությունը
Դիլիջան խոշորացված համայնքի Հովք և Խաչարձան գյուղերում գործում են Մոբայլ մանկապարտեզներ, որոնցում ընդգրկված են 4 տասնյակ նախադպրոցական տարիքի երեխաներ: Մոբայլ մանկապարտեզները գործում են համայնքային շենքերում, որտեղ նախապես կատարվել են վերանորոգման աշխատանքներ և ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատանքների կազմակերպման համար: Մանկապարտեզները ապահովված են անհրաժեշտ գույքով և խաղային ու ուսումնական պարագաներով: Ուսումնադաստիրարակչական աշխատանքները իրականացնում են համապատասխան որակավորման դաստիարակները: Մեզ հետ զրույցում բնակավայրերի վարչական ղեկավարները հավաստիացրեցին, որ երեխաների դաստիարակության և ժամանցի կազմակերպման արդյունավետ աշխատանքի շնորհիվ աճում է բնակչության հետաքրքրությունը և գնալով ավելի կմեծանա երեխաների ընդգրկվածությունը: Օրերս մանկապարտեզների տնօրենների հետ համայնքապետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը անդրադառնալով նաև Մոբայլ մանկապարտեզներին, նշեց, որ առաջիկայում ելնելով հնարավորություններից կաշխատեն ավելի ընդլայնել նրանց ցուցաբերվող աջակցությունը: Հ.Գ. Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Մոբայլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարարական ձև» փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերից մեկնարկել է Մոբայլ մանկապարտեզների նորարական համակարգի ներդրմանն ուղղված, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում որակյալ նախադպրոցական կրթության ապահովումը և այն ընդգրկում է Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի մինչև 250 բնակչություն ունեցող ընդհանուր թվով 8 համայնքներ՝ երկուական գյուղական բնակավայր յուրաքանչյուր մարզից: Այդ համայնքներն են՝ Շողակաթ, Եղվարդ, Ախթալա և Դիլիջան համայնքները։ Ծրագրի շահառուները 3-5 տարեկան շուրջ 120 երեխաներն են։
Մոբայլ մանկապարտեզների համակարգն ամբողջությամբ նորարական է և նախատեսված է հատկապես գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների գրեթե 80%-ը զրկված է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Նախադպրոցական կրթությանն ուղղված այս մոդելում, մոբիլ է աշխատակազմը, գրեթե 80%-ով նվազեցված են մանկապարտեզի վարչական ծախսերը և կրթություն-խնամք ձևաչափի փոխարեն կազմակերպվում է միայն կրթություն: