A
A
Անհապաղ օգնենք Սիրիային. Քաղհասարակության պահանջը
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը
ՀՀ քաղաքացիներին եւ իշխանություններին՝
Սիրիայում փախստականների ճամբարներում ստեղծված
մահաբեր իրավիճակի կապակցությամբ
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Սիրիայի հարավ-արեւելյան մասում փախստականների ճամբարներում ապրող 15 երեխա է մահացել ցրտահարությունից: Եվ այդ մահերի թիվը կարող է աճել: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարծում ենք, որ այս դժբախտությունը չի կարող անտարբեր թողնել հայ ժողովրդին: Երեխանե՛ր են մահանում: Էլ չենք խոսում այն մասին, որ Սիրիայի ժողովուրդը միշտ էլ եղել է հայ ժողովրդի բարեկամը, ինչը արտահայտվել է ոչ միայն 1915թ. ցեղասպանության, այլեւ 1988թ. երկրաշարժի եւ 1991-1994թթ. արցախյան պատերազմի տարիներին, երբ Սիրիայի կառավարությունը հազարավոր տոննա ցորեն էր ուղարկում շրջափակված Հայաստան: Կոչ ենք անում՝
- ՀՀ կառավարությանը՝ միջոցներ հատկացնել վառարաններ, վերմակներ եւ դեղորայք ձեռք բերելու եւ դրանք Սիրիա ուղարկելու համար եւ քաղհասարակության հետ համագործակցաբար համապատասխան կամավորներ հավաքագրել՝ դրանք մինչեւ փախստականների ճամբարներ հասցնելու համար:
- Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, դրա Միգրացիոն ծառայության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, այլ պատկան մարմինների միջոցով շտապ պարզել Հայաստանում ազատ կացարանների, ինչպես նաեւ փախստականներին իրենց տներում ընդունելու պատրաստ քաղաքացիների թիվը: Անհրաժեշտության դեպքում՝ վերջինների համար նախատեսել օրական որոշակի փոխհատուցում:
- Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ տրամադրել տարածք հավաքագրվող օգնությունը պահեստավորելու համար, ապաեւ կազմակերպել դրա տեղափոխումը Սիրիա:
- Հայաստանի ՏԻՄ ղեկավարներին, այդ թվում Երեւանի քաղաքապետին՝ ներգրավվել անհրաժեշտ օգնության հավաքագրման գործընթացին:
- Արտաքին գործերի նախարարությանը՝ կապ հաստատել Սիրիայի ԱԳՆ-ի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, ճշտել առավել խոցելի եւ ոչ բարվոք վիճակում գտնվող ճամբարներում փախստականների կարճաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները, նաեւ առաջարկել որոշ քանակի սիրիացի երեխաների եւ նրանց մայրերի էվակուացիա Հայաստան՝ ժամանակավոր ապաստանների տրամադրմամբ: Ընդ որում, եթե փախստականները ձմեռը անցնելուց հետո ցանկանան մնալ Հայաստանում, նախատեսել այդ հնարավորությունը:
- Հայաստանի քաղաքացիներին՝ կազմակերպական հարցերի լուծումից հետո պատրաստ լինել հրատապ անհրաժեշտ իրեր հավաքել Սիրիայի փախստականներին ուղարկելու համար: