Գործեք ի շահ մարդու և շրջակա միջավայրի. հասարակական սեկտորի կոչը կառավարությանը
Եվրոպական և միջազգային ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և միություն նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով իրենց աջակցությունն են հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի Կառավարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հարցում գործի ի շահ մարդու և շրջակա միջավայրի: Դիմումի պատճեներն ուղարկվել են Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին և ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Նայլեցուսի Վուլեին: «Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության խմբերս, մեր համերաշխություն ենք հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, բնապահպան ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և դիմում ենք Հայաստանի կառավարությանը, որպեսզի այն Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հարցում գործի ի շահ մարդու և շրջակա միջավայրի: Հանքանյութերը, որոնք հիմնականում արդյունահանվում են՝ ելնելով տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների ոլորտների կարիքներից, վտանգի տակ են դնում հանքերին հարակից համայնքները և հաճախ անմիջական սպառնալիք են շրջակա կենսաբազմազանության համար: Սա հատկապես ակնառու է Ամուլսարի ծրագրի տարածքին հարակից համայնքների դեպքում, որոնց սպառնում է պոտենցիալ վնաս, անորոշություն և հանքի՝ իրենց առողջության և ապրուստի վրա հնարավոր բացասական ազդեցությունների և ջրային ռեսուրսների սպառնացող վտանգների մասին տեղեկատվության պակաս: ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Նայլեցուսի Վուլեի՝ Հայաստան այցի ընթացքում` նոյեմբերի 16-ին տված եզրակացության համաձայն` Հայաստանի կառավարությունը պետք է իրական խորհրդակցություններ անցկացնի, որպեսզի հանքարդյունաբերական նախագծերը համահունչ լինեն բիզնեսին, մարդու իրավունքներին և Կայուն զարգացման սկզբունքներին և նպատակներին: «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ն 2018 թ. հոկտեմբերին գնահատել է Ամուլսարի հանքավայրի սոցիալական ազդեցությունների հանրային ընկալումները ազդակիր համայնքներում անցկացված հարցումների միջոցով և պարզել, որ բնակչությունը Լիդիան»-ի ներդրումները կապում է իր առողջության, մաքուր ջրի մատչելիության և կայուն կենսապայմանների նկատմամբ աճող վախի հետ: Ի լրումն այս սոցիոլոգիական հետազոտության, Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միությունն կատարել է «Լիդիան»-ի կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անկախ վերլուծություն և եզրակացրել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ գնահատականներ: 2015-2016 թթ. բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ժամանակ Ջերմուկի բնակիչների հետ խորհրդակցություն չի անցկացվել: Այդ կապակցությամբ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության խորհրդատուն / օմբուդսմենը (IFC/CAO) եզրակացրել է, որ Ջերմուկի ջրի և զբոսաշրջության բրենդի վրա Ամուլսարի հանքավայրի ազդեցությունը պատշաճ կերպով չի գնահատվել: Համայնքը փորձել է օգտագործել օրինական միջոցներ, որոնք վերջին երեք տարիներին դեռևս չեն տվել որևէ արդյունք: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թ. հունիսի 22-ից, Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների մշտական շրջափակումը կանխել է հանքավայրի շահագործման աշխատանքները, չնայած նրան որ «Լիդիան»-ը հայտարարել է, որ ապահովել է կարճաժամկետ մուտքի հնարավորություն շարժական սարքավորումների պահպանման և ձմեռային ախատանքների նախապատրաստման նպատակով: 2018 թ. օգոստոսին «Լիդիան Ինթերնեշնլ»-ը փորձել է բռնի կերպով ցրել շրջափակումը, որակելով այն ճանապարհների անօրինական շրջափակում», և ձեռնարկել է բողոքողների դեմ դատական գործերի հարուցում: Մինչդեռ ցուցարարների և քաղաքացիական հասարակության պահանջներն առ այսօր մնում են առանց պատասխանների: Վերոհիշյալի առնչությամբ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը `
- Ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, ովքեր իրացնում են իրենց բողոքի իրավունքը և պահանջում են պատշաճ խորհրդատվություն, պաշտպանել նրանց սպառնալիքներից և իրավական հալածանքներից, ապահովել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցությունը:
- Հետ կանչել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունը` հիմնվելով գոյություն ունեցող նոր ապացույցների վրա` ներառյալ տեղական և միջազգային փորձագետների կողմից իրականացվող ուսումնասիրությունները:
- Իրականացնել լրացուցիչ, համալիր ուսումնասիրություններ, որոնք ուղղված են. 1) բացահայտելու հանքի բացասական ազդեցությունը զգայուն վայրերում, ինչպես Ամուլսարի ազդեցությունը տեղի բնակչության առողջության և սոցիալական պայմանների վրա, 2) գնահատելու ազգային և միջազգային օրենսդրության համաձայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը` վայրի բնության և հատկապես վտանգված վայրերի և տեսակների պաշտպանության համար, (3) բացահայտելու Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի ջրաավազանների պոտենցիալ աղտոտումը, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերի վրա պոտենցիալ բացասական ազդեցությունը, 4) կատարել ծախսերի և օգուտների վերլուծություն` հաշվարկելով երկարաժամկետ օգուտները և ապագա սերունդներին պատճառվելիք վնասների չափը:
- Դադարեցնել շինարարական աշխատանքները մինչև այդ ուսումնասիրությունները չավարտվեն, չհրապարակվեն արդյունքները և մինչև չկազմակերպեն դրանց վերաբերյալ հանրային լսումներ: