Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ. առեւտրականներ (տեսանյութ)

Հասարակություն
cuyc-1

Մեկ ամիս է՝ ինչ փողոցում առեւտուր իրականացնողները բողոքում են քաղաքապետարանի որոշման դեմ, որն արգելել է փողոցային առեւտուրը: Առեւտրականների պմդմամբ՝ նոր տարին սկսվելուն պես իրենց հետապնդում են իրավապահները եւ թույլ չեն տալիս առեւտուր իրականացնել: Դեռ մեկ շաբաթ առաջ նրանք հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցների հետ, արդյունքում որոշվել էր 3 հոգուց բաղկացած հանձնախումբ ստեղծել, ովքեր մշտապես կապ կպահեն քաղաքապետարանի հետ եւ 10-օրյա ժամկետում կփորձեն հարցին լուծումը գտնել: Տասն օրն արդեն լրացել է, բայց առեւտրականների հարցը չի լուծվել: Այսօր նրանք կառավարության դիմաց էին՝ նույն պահանջով: «Փափուկ բարձ դրեցին մեր  գլխի տակ, որ իբր 10 օրվա ընթացքում տաղավարներ պետք է հատկացնեն, բայց ոչինչ չարեցին: Մեր առաջարկած տեղերում չեն ուզում մեզ տարածք տրամադրել: Արդեն 20 օր է՝ առեւտուր չենք արել, մնացել ենք առանց կոպեկի»,-ասում է առեւտրականներից մեկը: Ըստ նրանց՝ իրենց մոտ եղած ապրանքն արդեն փչացել է եւ պիտանի չէ վաճառքի համար:  «50 հազար դրամի ծաղիկ էի առել, բայց թափեցի լրիվ, սա անելու բան չի: Չգիտենք ուր գնանաք: Դատարկ գնում եմ տուն, երեխես ասում է՝ ինչ ես բերել»: Քաղաքապետարանից առաջարկել են Չարբախի շուկայում առեւտուր անել, բայց առեւտրականների խոսքով՝ այդ տարածքն անմարդաբնակ է, շուկան էլ գործող չէ: «Մարդիկ գնացել են, կանգնել են, բայց ոչինչ չեն վաճառել, ապրանքը թափել են, ոչինչ չի ծախվում, իսկ միրգը կարող ենք վաճառել 1-2 օր»: Առեւտրականները մտահոգություն ունեն, որ քաղաքապետարանը դիտմամբ է հարցի լուծումը հետաձգում: «Հատուկ են ձգձգում, որ մարդիկ ինչ -որ մի ձեւ իրենց գլխի ճարը տեսնեն,  մի տեղ մի ձեւ փող աշխատեն ու ցրվեն գնան: Իրենք ասում են՝ գնացեք ձեր գլխի ճարը տեսեք»: Առեւտրականները նշեցին, որ վաղն առավոտյան կրկին կգան կառավարության շենքի մոտ: