Ռոբերտ Քոչարյանը մեզ Վազգեն Սարգսյանի արյունն է պարտք. Անի Խաչատրյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այն համոզմունքն ունի, որ նախարարությունների օպտիմալացումը ճիշտ որոշում է։ Ըստ նրա՝ Սփյուռքի նախարարությունը նախկինում չի աշխատել։ «Սփյուռքի նախարարությունը համարում եմ ավելորդ նախարարություն։ Հրանուշ Հակոբյանի ժամանակ ի՞նչ է աշխատել Սփյուռքի նախարարությունը, ծիծաղում էինք, որ այդպիսի նախարարություն կա, իսկ հաջորդը եկավ փորձեց բավականին աշխատել, ինչ-որ չափով աշխատում էր, բայց միևնույն է...»։ Անի Խաչատրյանը հույս ունի, որ քաղաքապետարանում նույնպես օպտիմալացում կլինի։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի որոշ աշխատակիցների պարգևավճարներին։ Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվել է ներկայացնել ցանկը, թե ում և որքան է պարգևատրել։ Անի Խաչատրյանը անհրաժեշտ համարեց, որպեսզի ցանկի հրապարակումը լինի, քանի որ ավագանու անդամների պարտավորվածությունն է նաև վերահսկել քաղաքապետին, ինչը հիմա նրանք չեն կարող անել։ «Մենք պահանջել ենք այդ ցանկը և մեզ չի հատկացվում այդ ցանկը»։ Քաղաքագետ Մենուա Հարությունյանն էլ կարծում է, որ նախարարությունների օպտիմալացումը սխալ որոշում է։ «Սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ է Հայաստանին, և ընդհանրապես, հայրենիք-սփյուռք հարաբերությունները հատկապես հիմա, մտնելու են շատ կարևոր փուլ։ Ես շատ եմ լինում սփյուռքում, ունենք պրոբլեմ, այն մեծահարուստներն, որոնք միշտ աջակցում են Հայաստանին և Արցախին, նրանց նոր սերնդի ներկայացուցիչները հայրենբիքի հետ կապ չունեն։ Հիմա շատ կարևոր կլիներ, որ Սփյուռքի նախարարը լիներ երիտասարդ և փորձեր նոր սերնդի մակարդակով ձևավորել այնպիսի հարաբերություններ, որ սփյուռքում կայացած մեր երիտասարդները կապնվեին Հայաստանի հետ»։ Բանախոսներն անդրադարձան նաև հունվարի 22-ին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։ Ըստ Մենուա Հարությունյանի՝ Հ1-ը Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչությունն է իրականացնում։ «Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ իշխանությունը վերախմբագրել և ներկայացնել այլ լույսի ներքո։ Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի ասել՝ գնա, փորձի հանրայինով փիառ արա Լևոն Տեր-Պետրոսյանին, մարդու ում Վազգեն Սարգսյանն ու իր ընկերները որպես պարտվողական քաղաքականություն իրականացնող նախագահի Արցախի հարցում ուղղակի հեռացրերցին իշխանությունից և շատ ճիշտ արեցին»։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ստել է ժողովրդին և Լևոնական թիմը Նիկոլի դեմքով եկել է իշխանության։ Քննադատելով Հ1-ով ցուցադրված այդ ֆիլմը, Անի Խաչատրյանն էլ հիշեցրեց վերջերս 5-րդ ալիքով ցուցադրված «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Նա այն անվանեց սուտ ֆիլմ։ «Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է»։ Այս խոսքի վրա Մենուա Հարությունյանը շեշտեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը ֆեյք ըննդիմադիր ուժ է։ «Գնացեք ձեր Արամ Սարգսյանին վերցրեք ու հեռացեք քաղաքական դաշտից։ Արամ Սարգսյանն այն տղան է, որ իր եղբայրը Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրել է քաղաքականությունից»։ Ի պատասխան սրան, Անի Խաչատրյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանը մեզ գարուններ է պարտք, Ռոբերտ Քոչարյանը մեզ Վազգեն Սարգսյանի արյունն է պարտք, Կարեն Դեմիրճյանի արյունն է պարտք, Քոչարյանը Մարտի 1-ի գլխավոր մեղավորներից մեկն է, նա քաղբանտարկյալ չի, նա հանցագործ է»։ Մանրամասները՝ տեսանյութում։