«Ազատ հայրենիք»-ը 14 տարեկան է (տեսանյութ)
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը նշում է ստեղծման 14-ամյակը։ Ֆեյսբուքում համապատասխան գրառում է արել կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Սիրելի՛ կուսակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ Այսօր նշում ենք «Ազատ հայրենիք» կուսակցության կազմավորման 14-ամյակը։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ։ Թե՛ Մայր Հայրենիքում, թե՛ Արցախում քաղաքական մշակույթը շարունակում է զարգացման անխախտ ճանապարհը, և հընթացս սրա, վստահ եմ, կուսակցաշինության և կուսակցական կյանքի կարևորումը մեզանում է՛լ ավելի է մեծանալու։ Կարծում եմ՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ «Ազատ հայրենիքը» տարիներ շարունակ արցախյան առաջատար քաղաքական ուժն է և իր նշանակալի նպաստն ունի պետականաշինության, տնտեսության, խորհրդարանականության և օրինաստեղծ պրակտիկայի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, լինելով խորհրդարանում ամենամեծ ուժը՝ մենք հստակորեն գիտակցում ենք մեր առաջնակարգ պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև, ունենալով համապատասխան փորձառություն ու քաղաքական ասելիք, ձգտելու ենք շարունակել զբաղեցնել այդ դիրքը։ Սա չենք թաքցնում. հակառակն անելն անազնվություն կլիներ մեր կողմից։ Սիրելի՛ կուսակիցներ, մեր առաջիկա անելիքների վերաբերյալ արդեն առիթ ունեցել եմ բարձրաձայնելու և այսօր մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ շարունակելու ենք ներկուսակցական ինստիտուտների զարգացման և թիմի շարքերի հետագա կռման ու միասնականացման աշխատանքները։ Հավատացնում եմ ձեզ, որ կուսակցական լինելն առաջին հերթին պարտավորություն է, ներդրում կատարելու պատրաստակամություն, ոչ թե «արտոնություն», քանի որ կուսակցությունն ինստիտուցիոնալ միջոց է հայրենիքին ծառայելու համար: Ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիս առաջիկա քաղաքական գործընթացներում: