Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողանքի հետևանքով Սարի թաղում տունը փլուզվում է (տեսանյութ)

Հասարակություն
sari-tax

Հունվարի 23-ին Սարի թաղի 18 փողոցի, 68 տան երկու սյուները փլուզվել են, ինչի հետևանքով տան հատակն էապես վնասվել է։ Տան բնակչուհի Ալվարդ Միլիտոնյանը նշեց, որ անմիջապես  զանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն։ «Մեզ ասացին, որ շատ վտանգավոր է, պետք է դուրս գանք, բայց մենք չէինք կարող, որովհետև 7 հոգի ենք։ Մեզնից ստորագրություն վերցրեցին, որ մենք հրաժարվում ենք դուրս գալ»։ Տիկին Միլիտոնյանի տուն այցելել են նաև վարչական շրջանի աշխատակազմից ու քաղաքապետարանից, բայց մինչև այսօր ոչինչ չի ձեռնարկվել։ «Ասում են, որ գլոբալ հարց է, գրունտային ջրերի հետ է կապված։ Մինչև իրենք այդ հարցը լուծեն, մեր տունը կփլվի։ Ահավոր վիճակ է, ահը սրտներիս քնում ենք»։ Այս օրերի ընթացքում էլ անընդհատ ձայներ են գալիս։ Տիկին Միլիտոնյանի խոսքով՝ տան գլխավոր մուտքի դուռը չի բացվում, լավ է գոնե երկրոդ մուտք ունեն, որտեղով  էլ ելումուտ են անում։ Անցյալ տարի էլ են Միլիտոնյանները նույն խնդրին բախվել՝ տան սյուներից մեկն էր փլուզվել, և ճաքեր էին առաջացել։  ԱԻՆ-ից եկել, ստոգել էին ու պարզաբանել, որ թաղամասի ընդհանուր երկրաբանական կառուցվածքը կազմում են ջրակայուն ապարները՝ այսինքն գրունտային ջրեր են հոսում, ինչպես նաև գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են թաղամասի մաշված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ թափվում են գետային ցանցի մեջ։ Տունը համարել էին  4-րդ կարգի վթարային։ Միլիտոնյանները նշեցին, որ մինչև 2009թ. քաղաքային իշխանությունը իրավունք է ունեցել  որոշում ընդունել և փոխհատուցել։ Իսկ հիմա մինչև կառավարությունը որոշում չընդունի, փոխհատուցում տալ չի լինի։  Նրանք փլուզումից հետո անմիջապես դիմել են քաղաքապետարան, փաթեթ են ներկայացրել, որպեսզի կառավարությունն ուսումնասիրի այդ գործը։ 10 օր է պահանջվում, որպեսզի գործին ընթացք տրվի, եթե Միլիտոնյանները մերժում ստանան, ապա միանգամից կդիմեն կառավարություն։ Միլիտոնյանների տան հյուրասենյակի, ննջասենյակի պատերը ճաքած են։ Սարի թաղում Միլիտոնյանների տունը միակը չէ, որ այդ վիճակում է։ Հարևան տները նույնպես ճաքեր ունեն։ Միլիտոնյանների տնից մոտ 30 մետր հեռավորության վրա սարի վրայից տեխնիկական ջուր է հոսում։ Ըստ թաղամասի բնակիչների՝ հենց այդ ջրի պատճառով է, որ այսօր նման խնդրի առաջ են կանգնել։